211652_close_icon
views-count1747 դիտում article-date 18:56 04-08-2026

«Կիրականացվի շուկայական արժեքի գնահատում, սեփականատերերը կստանան փոխհատուցում, հետո ընկերությունը պետական գրանցում կստանա»․ Ռոմանոս Պետրոսյանը՝ ՀԷՑ-ի մասին

ՀԷՑ-ից հաղորդագրություն են տարածել երեկ տեղի ունեցած խորհրդակցության վերաբերյալ․

«Օգոստոսի 3-ին «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում ժամանակավոր կառավարչի գլխավորությամբ տեղի ունեցավ ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին գլխավոր տնօրենի տեղակալները, մասնաճյուղերի տնօրենները, Երևան քաղաքի էներգաիրացման և սպասարկման դեպարտամենտի ղեկավար կազմը, ինչպես նաև շահագործման շրջանների ղեկավարները։

Քննարկման սկզբում կառավարիչը տեղեկացրեց, որ օրերս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել հանրային լսում։ Առաջիկա շաբաթների ընթացքում Կառավարությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ հանրային գերակա շահ կճանաչի։

Սահմանված կարգով կիրականացվի շուկայական արժեքի գնահատում, սեփականատերերը պաշտոնապես կծանուցվեն, կստանան փոխհատուցում, որից հետո ընկերությունը պետական գրանցում կստանա՝ որպես 100% պետական սեփականություն։

Խորհրդակցության ընթացքում ընդգծվել է, որ թեև բաշխման ցանցում պլանային աշխատանքների իրականացման միջին տևողությունը կրճատվել է, սակայն իրականացվող աշխատանքների արդյունավետության և վերահսկողության տեսանկյունից դեռևս կան խնդիրներ։

Ժամանակավոր կառավարիչը նշել է, որ բոլոր տեսուչները պարտավոր են 24 ժամ հասանելի լինել քաղաքացիներին և արագ արձագանքել բոլոր վթարների դեպքում՝ ապահովելով բաժանորդների անխափան էլեկտրամատակարարումը և պատշաճ իրազեկումը՝ վթարային և պլանային աշխատանքների վերաբերյալ։ 

Վթարավերականգնողական աշխատանքները պետք է իրականացվեն այնպես, որ տրվեն ոչ թե ժամանակավոր, այլ վերջնական և արդյունավետ լուծումներ՝ կանխարգելելով վթարների հնարավոր կրկնությունը։

Քննարկվեց նոր բաժանորդների՝ բաշխման ցանցին միանալու հայտերի ահռելի քանակը, ինչը մեծապես պայմանավորված է նաև ապրիլի վերջերին նոր բաժանորդ դառնալու սակագների էական նվազեցմամբ (մինչև 40%)։ Վերջին 2 ամսվա ընթացքում շուրջ 2500 նոր բաժանորդ է միացել բաշխման ցանցին, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 35%-ով։

Նոր բաժանորդների ցանցին միացման աշխատանքներն այս պահին իրականացվում են տարբեր եղանակներով, այդ թվում՝ կապալառու ընկերությունների միջոցով, ընկերության սեփական կարողություններով, ինչպես նաև նոր կնքված կապալի պայմանագրերով։

«ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը նաև անդրադարձել է օրերս Երևանի Պապ թագավորի անվան փողոցում տեղի ունեցած մալուխագծի վթարին, որի առնչությամբ ՀԷՑ-ում ներքին հետաքննություն է իրականացվում։

«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հետևողական է լինելու ՀՀ բոլոր համայնքներում իրականացվող բարեկարգման աշխատանքների պատշաճ իրականացմանը՝ կանխելու ընկերության սեփականության հանդիսացող էլեկտրամալուխների վնասումը և դրանց հետևանքով առաջացող հնարավոր վթարները։

Ամփոփելով աշխատանքային խորհրդակցությունը՝ Ռոմանոս Պետրոսյանը նշել է.

«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում ճգնաժամային կառավարման շրջափուլն այսօրվանից փոխակերպում ենք կայուն զարգացման մասշտաբային գործընթացի»։

Նմանատիպ նյութեր