211652_close_icon
views-count547 դիտում article-date 17:06 18-08-2026

Հայաստանի 9 մանկապարտեզներում արդեն գործում են 1-2 տարեկան երեխաների խմբեր. դրանց թիվը կավելանա

Երևանում չորս մանկապարտեզում, Գյումրիում և Վանաձորում՝ երկուական, իսկ Հրազդանում՝ մեկ մանկապարտեզում արդեն գործում են 1-2 տարեկան երեխաների խմբեր։

Երևանում նախատեսվում է գործարկել նաև հանրապետությունում առաջին՝ 6-12 ամսական երեխաների խումբը։ Այս մասին նշվել է այսօր՝ օգոստոսի 18–ին, 2026-2027 ուսումնական տարվան ընդառաջ օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակ, որին մասնակցել են նաև նախադպրոցական ու արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենները

Դրա համար արդեն մշակվել են համապատասխան սննդի նորմատիվները։ Փորձնական ծրագրի արդյունքների հիման վրա նախատեսվում է հետագայում ընդլայնել վաղ մանկության ծառայությունները։ Կառավարության հաջորդ ծրագրով նախատեսվում է 1-2 տարեկան երեխաների համար մսուրային ծառայություններ հասանելի դարձնել խոշորացված համայնքներում, իսկ Երևանում՝ վարչական շրջաններում։

Կարևորվել է մանկապարտեզների լիցենզավորման գործընթացը

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների լիցենզավորմանը՝ ընդգծելով, որ սահմանված նվազագույն պայմանները պարտադիր են ինչպես մասնավոր, այնպես էլ համայնքային հաստատությունների համար։

Նրա խոսքով՝ բազմաթիվ մանկապարտեզներ արդեն ստացել են լիցենզիա, սակայն որոշ հաստատություններ դեռևս փաստաթղթային և այլ խնդիրներ ունեն։ Հաստատությունների ղեկավարներին հորդորվել է հետևողական աշխատանք տանել այդ խնդիրների կարգավորման և լիցենզավորման գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ։

Արտադպրոցական կրթություն. ենթակառուցվածքներից մինչև բովանդակային բարեփոխումներ

Օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում արտադպրոցական կրթություն իրականացնող կենտրոնների տնօրենների և մանկավարժական աշխատողների հետ ևս քննարկվել են ոլորտին առնչվող առանցքային հարցերը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն առաջնահերթ անդրադարձել է արտադպրոցական հաստատությունների ենթակառուցվածքներին՝ նշելով, որ դրանցից շատերը տարիներ շարունակ բարեկարգման ծրագրերում ընդգրկված չեն եղել։

Նրա խոսքով՝ առաջարկվել է Կառավարության նոր ծրագրով «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի տրամաբանությամբ բարեկարգել նաև 100 արտադպրոցական հաստատություն, որոնցից 50-ը՝ սպորտի, 50-ը՝ մշակույթի ուղղությամբ։

Ներկայում իրականացվում է առավել վատ վիճակում գտնվող հաստատությունների հաշվառում։ Ենթակառուցվածքների բարելավմանը զուգահեռ նախատեսվում են նաև բովանդակային փոփոխություններ՝ ծրագրերի և հայեցակարգերի վերանայում։

«Զուգահեռաբար ուսումնասիրվում է միջազգային փորձը, և դրան համապատասխան սահմանվում են նաև կարգավորումներ։ Կառավարության հաստատմանն են ներկայացվել արտադպրոցական ուսումնական հաստատությունների պաշտոնների նկարագրերը։ Արդեն մշակվել են մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների նկարագրերը, որոնցում հստակ առանձնացված են պարտականությունները, յուրաքանչյուր պաշտոնին ներկայացվող կրթական, կարողությունների և գիտելիքների պահանջները»,- ասել է Արաքսիա Սվաջյանը։

Նմանատիպ նյութեր