211652_close_icon
views-count550 դիտում article-date 14:07 27-08-2026

Անկախության 35-ամյակի տոնակատարությունները կմեկնարկեն Իջևանում և կեզրափակվեն Հանրապետության հրապարակում

Անկախության 35-ամյակը չի կարող տոնվել միայն Երևանում, մենք պետք է կարողանանք միջոցառումները պլանավորել այնպես, որ դա իսկապես դառնա իրադարձություն մեր երկրի յուրաքանչյուր բնակավայրում և համայնքում: Այս տրամաբանությամբ պլանավորել ենք մի շարք միջոցառումներ, որոնք ընդգրկելու են երկրի թե՛ հյուսիսը, թե՛ հարավը: Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 27-ի նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:

«Մեր միջոցառումները կմեկնարկեն սեպտեմբերի 17-ին Իջևանում, այնուհետև 18-ին՝ Վանաձորում, 19-ին՝ Կապանում, սեպտեմբերի 20-ին՝ Գյումրիում: Կունենանք մեծ համերգներ յուրաքանչյուրն իր ժանրի մեջ»,- ասաց նախարարը:

Իջևանում նախատեսվում է ջազային համերգ՝ նվագախմբերի և արտիստների մասնակցությամբ՝ շեշտը դնելով անկախության տարիներին գրված ստեղծագործությունների վրա։

Վանաձորում նախատեսվում է ռոք երաժշտության համերգ, որին կներգրավվեն տարբեր արտիստներ, ինչպես նաև հրավիրված ճանաչված համաշխարհային դիրիժոր։

Կապանում կլինի տարբեր բենդերի մասնակցությամբ համերգ, որին կմասնակցի նաև «Վարչաֆեստ» փառատոնի Գրեմմի մրցանակակիրը։ Սա խորհրդանշական է այն առումով, որ այդ թիմը ներկայացնում է Կապանը։

Գյումրիում նախատեսվում է դասական երաժշտության համերգ:

Հոբելյանական միջոցառումների շարքը կամփոփվի սեպտեմբերի 21-ին Երևանում՝ Հանրապետության հրապարակում, և սա էլ, ըստ նախարարի, խիստ խորհրդանշական է, քանի որ այս տարի նշվում է Հանրապետության հրապարակի կառուցման մեկնարկի 100-ամյակը:

«Տարին ներառված է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական ծրագրում: Այս մասով նախատեսվում է Հանրապետության հրապարակը թե՛ իր ճարտարապետությամբ, թե՛ որպես պետության խորհրդանիշ ավելի տեսանելի դարձնել: Բնականաբար, այդ օրվա միջոցառումներն էլ պլանավորվել են այնպես, որ թե՛ Անկախության 35-ամյակի նշանավորումն անենք, թե՛ տեսանելի դարձնենք Հանրապետության հրապարակը»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ իր նշանակությամբ ու բովանդակությամբ այն եզակի միջոցառում է լինելու, լինելու են նաև մի շարք անակնկալներ:

Միջոցառումը բաղկացած կլինի երկու հատվածից՝ ներկայացում և համերգ, որի ժամանակ հանդես կգան սիրված կատարողներ, իսկ երեկոն կամփոփվի հրավառությամբ: Բրենդավորման համար ընտրված է թռչնի կերպարը, որը ցուց է տալիս մեր պետության վերելքը, որը շարունակվելու է:

Կլինի նաև թանգարանային ցուցադրություն Հայաստանի պատմության թանգարանում՝ Բեռլինի թանգարանային կղզու հետ համագործակցությամբ: Բեռլինի 6 թանգարաններից և Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից բացառիկ ցուցադրություն կբացվի, որը կտևի 6 ամիս:

Նմանատիպ նյութեր