211652_close_icon
views-count2632 դիտում article-date 20:44 28-08-2026

«Հույս է առաջացել, որ ինչ-որ փուլում որոնողական աշխատանքները կարող են վերսկսվել»․ անհայտ կորածների հարազատները ձեւավորել են ասոցիացիա

Անհայտ կորածների հարազատները ձեւավորել են «Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիա»։ Aravot.am-ի փոխանցմամբ, այսօր հրավիրած ասուլիսում ասոցիացիայի հիմնադիրները ներկայացրեցին, թե ինչ աշխատանք են իրականացնելու։

Ասոցիացիայի համահիմնադիրներից Գոռ Մուրադյանը՝ 2020 թվականից անհատ կորած Հենրիխ Մուրադյանի հորեղբայրը, ասաց, որ ասոցիացիան նախատեսում է ակտիվ աշխատանք իրականացնել անհայտ կորածների հարցերով՝ նաեւ միջազգային կառույցներում։

«Կառույցը պետք է հնարավորինս խթանի անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման գործընթացը։ Մենք պետք է բարձրաձայնենք անհայտ կորածների ընտանիքների իրավական, սոցիալական, հոգեբանական խնդիրների մասին։ Կարեւոր առաքելություններից մեկն էլ այն է, որպեսզի մենք բոլոր հնարավոր կամ անհնարին միջոցներով այնպես անենք, որպեսզի հետագայում ոչ մի ընտանիք չանցնի այն արհավիրքի միջով, ինչի միջոց այսօր անցնում ենք մենք»,- ասաց Գոռ Մուրադյանը։

Ասոցիացիայի համահիմնադիր 2020 թվականին անհայտ կորած Վարուժան Իսրայելյանի մայրը՝ Ասյա Դանիելյանն ասաց, որ ասոցիացիայի ստեղծումն իրենց երկար տարիների պայքարի արդյունք էր։ «Մենք երկար տարիներ առանձին-առանձին փորձել ենք պայքարել՝ պարզելու մեր երեխաների ու հարազատների ճակատագրերը։ Գնացել ենք տարբեր կառույցներ, հարցեր ենք տվել, պատասխաններ ենք ստացել։ Վերջապես մենք ուզում ենք ստանալ մեզ հուզող ամենակարեւոր հարցի պատասխանը՝ որտեղ են մեր երեխաները»,- ասաց նա։

1990-ականների պատերազմում «Արաբո» ջոկատի անհայտ կորած ազատամարտիկներից մեկի որդին՝ Արամ Չանախչյանը նշեց․ «Երբեմն կարող է թվալ, թե 1990-ականների դեպքերը շատ վաղուց են եղել, սակայն հարցը չին հնացել, չի վերացել, ճշմարտությունն իմանալու մեր իրավունքը չի կորցրել իր ուժը։ Ցավոք սրտի, տարիների ոչ արդյունավետ եւ ոչ համախմբված աշխատանքի արդյունքում առ այսօր մենք ունենք չլուծված խնդիրներ»։

Ասոցիացիայում ներառված են ինչպես 1990-ականների, այնպես էլ 2020 եւ 2023 թվականի պատերազմներում անհայտ կորածների հարազատները։ Ասոցիացիան աշխատելու է նաեւ միջազգային կառույցների հետ, Գոռ Մուրադյանն ասաց, որ արդեն փորձ կա՝ բոլորովին վերջերս ՄԱԿ-ի բռնի անհետացումների հարցով կոմիտե զեկույց են ուղարկել։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր