211652_close_icon
views-count1402 դիտում article-date 10:18 04-09-2026

Թմրանյութի հայտնաբերման դեպք՝ Երևանում․ «Tesla» մակնիշի ավտոմեքենայի մոտ 40-ամյա տղամարդը պարեկներին հայտնել է, որ փնտրում է «Կրիստալ» տեսակի թմրամիջոցով փաթեթը

Օգոստոսի 29-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սարգսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ, ծառայության ընթացքում Դավիթ Բեկի 107/12 հասցեի մոտ նկատել են «Tesla» մակնիշի ավտոմեքենա։ Մոտենալով նշված ավտոմեքենային՝ պարեկները նկատել են մի քաղաքացու, որը ինչ-որ բան փնտրելիս է եղել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երբ պարեկները հարցրել են, թե ինչ է փնտրում տվյալ անձը, վերջինս իր մոտ գտնվող բջջային հեռախոսի միջից ցույց է տվել մի լուսանկար, որում պատկերված է եղել կպչուն ժապավենով փաթեթ։

Պարեկները հարցրել են, թե ինչ է գտնվում փաթեթում։ Քաղաքացին պատասխանել է, որ «Կրիստալ» տեսակի թմրամիջոց է, և մատնանշել է այն վայրը, որտեղ դրված էր հիշյալ թմրամիջոցը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ պարեկները նշված հասցեից թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածով ձերբակալել և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Նվեր Գ․-ին։

Նրա անձնական խուզարկությամբ որևէ արգելված առարկա կամ նյութ չի հայտնաբերվել, իսկ «Tesla» մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր