Քառյակն ավարտեց ԱԺ-ում 2 ժամ տևած փակ քննարկումը
Վարչապետի հրաժարականը պայմանավորված էր ՀՀ ԱԺ 4 խմբակցությունների գործունեությամբ: Այդ մասին այսօր Ազգային ժողովում 4 խմբակցությունների անցկացրած քննարկումից հետո հայտարարեց «Ժառանգության» ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:
Նա նշեց, որ ինչքան էլ «Հանրապետական» կուսակցությունը լրատվամիջոցներով փոխանցում է, թե վարչապետի հրաժարականի մասին որոշումն առնչություն չունի իրենց գործունության հետ, իրենք, այնուամենայնիվ, այլ կարծիքի են:
Ռ. Հակոբյանը հիշեցրեց, որ առաջիկայում հանրահավաքներ պետք է անցկացնեին Գյումրիում, Վանաձորում, իսկ ապրիլի 28-ին՝ Երևանում: Նշեց, որ, այնուամենայնիվ, ապրիլի 28-ին նախանշված հանրահավաքն անցկացնելու են, չնայած վարչապետի հրաժարականի պահանջն արդեն մեխանիկորեն դուրս է գալիս օրակարգից:
Լրագրողների հարցին, թե խմբակցությունները վարչապետի նախընտրելի թեկնածու ունե՞ն, թե՞ ոչ, պատասխանեց, որ նման հարց չեն քննարկել: Տեղեկացրեց, որ շարունակելու են համագործակցությունը և առաջիկայում հանդես կգան կենսաթոշակայինի որոշման հետ կապված հայտարարությամբ:
Ռ. Հակոբյանի խոսքով՝ քննարկումը նախատեսված էր անցկացնել դեռ 2 օր առաջ: