211652_close_icon
views-count5090 դիտում article-date 19:02 04-04-2014

Փարիսեցին և մաքսավորը

Քանի որ անցյալ կիրակի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց «Անիրավ դատավորի կիրակին», և Եկեղեցում կարդացվեց «Անիրավ դատավորը» ու «Փարիսեին և մաքսավորը» Տիառնապատում առակները, ապա անիմաստ չէ այսօր անդրադառնալ «Փարիսեցին և մաքսավորը» առակին, քանզի, օրվա անվան ծանրության տակ, մասամբ անտեսվում է այս երկրորդ, բայց ոչ պակաս կարևորություն ունեցող առակը: Ե՛վ փարիսեցին, և՛ մաքսավորը գնում են տաճար աղոթելու: Փարիսեցին սկսում է թվարկել իր կատարած լավ գործերը և շնորհակալություն հայտնում Աստծուն, իր այդպիսի «լավը» լինելու համար: Ի տարբերություն սրա, մաքսավորը նույնիսկ չի համարձակվում աչքերը վեր բարձրացնել և շարունակ կրկնում է միայն մի նախադասություն` Աստվա՛ծ, ներիր մեղավորիս (Ղուկ. 18:10-13): Առակը եզրափակվում է Տեր Հիսուսի եզրակացությամբ. «Ասում եմ ձեզ, սա՛(մաքսավորը) իջավ իր տունը արդարացած, ոչ թե մյուսը. որովհետև, ով որ բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով որ խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի (Ղուկ. 18:14)»: Մինչ առակի շարադրելը, Ղուկաս Ավետարանիչը տալիս է մի փոքրիկ նախաբան, պարզելու համար, թե Տերն ինչո՛ւ է պատմում այդ առակը. «Այս առակն էլ ասաց ոմանց, որոնք իրենք իրենցով պարծենում էին, թէ արդար են, և արհամարհում էին ուրիշ շատերին (Ղուկ.18:9)»: Սակայն հարց է առաջանում, թե ովքե՞ր էին այս երկուսը և ինչո՞ւ էր փարիսեցին հպարտացած արհամարհում մաքսավորին և այլոց: Փարիսեցիների միությունը մի կրոնա-քաղաքական եղբայրություն էր, ովքեր իրենց համարում էին մաքուր, առանձին (եղբայրության անուն էլ հենց այդպես է թարգմանվում): Նրանք արհամարհում էին ոչ միայն մնացած հասարակ ժողովրդին, այլ նաև սադուկեցիներին, ովքեր կազմում էին այդ ժամանակվա հրեաական քաղաքական և կրոնական էլիտան, սակայն նույնպես անարդար էին ու չեին ընդունում մարգարեություններն ու հարության հույսը: Փարիսեցիները գաղափարապես շատ մոտ էին ճշմարտությանը. ընդունում էին հոգու գոյություն, հրեշտակներին, սպասում էին Փրկչի գալստին ու հարությանը: Սակայն իրենք իրենց կանոները շրջանցելով, մի շարք անօրինություններ էին անում, բայց իրենց համարում և ներկայացնում արդարներ: Բավական չէր գաղափարական պակասը, սրան էր հավելվում էր անբարոյական վարքը և Քրիստոսին էլ չէն ճանաչում, որ Փրկիչն է, չնայած, որ հասկանում էին: Մաքսավորն, իրականում, ամենաստոր մարդկանցից էր. նա լինելով հրեա, ծառայության էր մտել հռոմեացիների մոտ և բռնի հարկահավաքություն էր անում օտար նվաճողների համար, որից էլ իրեն բաժին էր հասնում: Տեր Հիսուսն արժևորում է մարդու մոտ Աստծո առաջ ծնկի գալու, վատ արարքի համար սրտանց ամաչելու, ներողություն խնդրելու, ինքն իրեն մեղադրելու հատկությունը: Մաքսավորն անպայման մի օր դարձի կգար, որովհետև արդեն իսկ սկսել էր նրա հոգևոր ողբերգությունը, նա չէր կարողանում հաշտվել ինքն իր հետ: Նա այնքան խորն էր թափանցել հավատի մեջ, որ կարողանում էր ինքն իրեն դիտել Աստծո տեսանկյունից և զզվում էր իր վարքից, մեղքերից ու իրենից: Նրան մեկ քայլ էր մնում առ Աստված, որն էլ կատարվում էր: Փարիսեցին, ով իր չարագործություններով բնավ պակաս չէր մաքսավորից, երբեք դարձի չէր գա, որովհետև ինքը վստահ էր, որ ինքը կատարյալ է և նրա աղոթքն արդեն աղոթք չէր, այլ ինքնագովազդ Աստծո առաջ: Մեր իրականության մեջ քիչ չենք լսում նման խոսքեր .«Ինչ արել եմ ճիշտ եմ արել, ես ամբողջ կյանքում մաքուր եմ եղել, մենք երբեք սուտ չենք խոսում…»: Այս արտահայտությունները կարելի է լսել տարբեր տիպի մարդկանց բերանից` սկսած աղանդավորից, վերջացրած մեծահարուստից ու աղքատից: Եվ Տեր Հիսուսն էր հենց այն էր ասում, որ դուք ձեր չափանիշներով, մի գուցե մաքուր եք, սակայն Աստծո առաջ մեղավոր եք: Ու Աստծուն ոչ թե հարկավոր է ձեր ինքնագովեսի ճառը, այլ ձեր սրտանց ապաշխարությունն ու մեղավորի արցունքը: Բոլոր մարդիկ իրենք իրենց կարծիքով ճիշտ են վարվում. եթե այդպես չկարծեին, չեին էլ վարվի, սակայն այլ է մարդկանց կարծիքը, այլ` Աստծունը: Հարկավոր է ինքնադիտել Աստծո տեսանկյունից ու սրտանց խնդրել Տիրոջ ներողամտությունը: Ում և` փառք, իսկ մեզ խաղաղություն, հավիտյանս. ամեն: [b]ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր