ԵՊՀ-ում քննարկել են հարկադիր աշխատանքի խնդիրը
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի կազմակերպած դասընթացին ներկա էին տարբեր ֆակուլտետների ուսանողներ և ուսանողական կառույցների ներկայացուցիչներ:
ԵՊՀ-ում տեղի է ունեցել դասընթաց-քննարկում` ՀՀ-ում հարկադիր աշխատանքի հիմնական պատճառների մասին:
Հասմիկ Էդիլյանը, խոսելով թրաֆիքինգի հիմնական պատճառների մասին, փաստեց, որ ամբողջ աշխարհում այն ունի մեծ տարածվածություն: Ավելի քան 20 միլիոն մարդ արդեն ենթարկվել է թրաֆիքինգի, իսկ ահա դրա հետևանքները ցանկացած տեսակի համար ծանր են լինում:
Ինչպես հայտնի է, թրաֆիքինգի ու հարկադիր աշխատանքի մեջ կարող են մտնել խոցելիության չարաշահումը, խաբեությունը, տեղաշարժման սահմանափակումը, մեկուսացումը, ֆիզիկական և սեռական բռնությունը, ահաբեկումը և սպառնալիքները, անձը հաստատող փաստաթղթերի բռնագրավումը, աշխատավարձի պահումը, պարտապանությունը, աշխատանքային և կենցաղային ոչ պատշաճ պայմանները, նորման գերազանցող արտաժամյա աշխատանքը և այլն:
Մասնագետները խորհուրդ են տալիս տանն անպայման ունենալ անձնագրի պատճեններ, իսկ նրանք, ովքեր հայտնվել են նմանօրինակ խնդիրների առջև, պարտադիր համագործակցեն իրավապահ մարմինների հետ. «Ցավոք սրտի, մեր հայրենակիցները խուսափում են դիմել ոստիկանություն, նույնիսկ այլ երկրներում, իսկ շատ հաճախ էլ հոգեբանական լուրջ ազդեցությունը լրացուցիչ խնդիրներ է առաջացնում»,-ասում են նրանք: