Պուտինի վրա հնարավոր չէ ազդել պատժամիջոցներով. Պենտագոն
Հարկավոր է համակերպվել այն մտքի հետ, որ Ռուսաստանը չի հրաժարվի իր ուղղությունից և պատժամիջոցներն էլ չեն օգնի, հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը Շտուտգարտում ամերիկացի դիվանագետների և զինվորականների հետ ունեցած քննարկումից հետո:
«Պարզ է, որ պատժամիջոցներն իրենց ազդեցությունը թողնում են ռուսական տնտեսության վրա, սակայն նկատելի չէ, որ դրանք որևէ կերպ ստիպում են Պուտինին հրաժարվել այն ուղղությունից, որով նախորդ տարի նա ուղղորդվեց Ղրիմի հարցում»,-ասել է նա:
Քարթերի խոսքով՝ Ռուսաստանն իրեն թշնամաբար է դրսևորում և խոսքում, և գործողություններում և ամենևին էլ չի թաքցնում դա: Նա նաև նշել է, որ Միացյալ Նահանգները Ուկրաինայի արևելքում իրավիճակի սրացման հետ կապված քննարկում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորավարժությունների քանակն ավելացնելու հարցը:
Վերջինիս պնդմամբ՝ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն նախկինի պես մտահոգված են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողություններով և մտավախություն ունեն, որ նման պատկեր կարող է ստացվել Եվրոպայի այլ հատվածում: