211652_close_icon
views-count997 դիտում article-date 09:10 07-07-2026

«Վեոլիա Ջուրը» գալիս է միայն «արձանագրելու». Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի նկուղներն ու խանութները պարբերաբար հեղեղվում են կոյուղաջրերով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն տևական ժամանակ է՝ Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայի 19 հասցեի շենքի բնակիչներն ու տնտեսվարողները հայտնվել են հակասանիտարական և անելանելի իրավիճակում։ Պատճառը շենքի կոյուղագծի պարբերական խցանումներն են, որոնց հետևանքով կեղտաջրերը լցվում են շենքի նկուղներ, խանութներ և հարակից այլ տարածքներ՝ պատճառելով մեծ նյութական վնասներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները միայն վերջին մեկ տարվա ընթացքում կոյուղու խցանման խնդրին բախվել են առնվազն հինգ անգամ։ Սակայն ամենացավալին ու զայրացնողը պատկան մարմինների, մասնավորապես՝ «Վեոլիա Ջուր» ընկերության անտարբեր ու անպատասխանատու վերաբերմունքն է։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բնակիչները ասում էին․ «Յուրաքանչյուր նման դեպքի ժամանակ ահազանգել ենք «Վեոլիա Ջուր» ընկերություն, սակայն նրանց աշխատակիցները լավագույն դեպքում ժամանում են միայն մեկ-երկու օր անց։ Քանի որ գարշահոտությունն ու կեղտաջրերը վայրկյան առ վայրկյան ավելացնում են վնասները, մենք ստիպված ենք լինում սեփական ուժերով ու միջոցներով բացել խցանումը, որպեսզի կանխենք ավելի մեծ աղետը»,- բողոքում են տարածքի բնակիչները։

Ամենաաբսուրդային իրավիճակը ստեղծվում է այն ժամանակ, երբ ընկերության վթարային ծառայությունը վերջապես բարեհաճում է ժամանել կանչի հասցեով։

«Երբ աշխատակիցները գալիս են, հարցնում են՝ արդյո՞ք ամեն ինչ կարգին է։ Բնականաբար, այդ պահին ամեն ինչ արդեն մեր ուժերով կարգավորված է լինում։ Իսկ մեր հարցին, թե ինչու չեն ժամանել ժամանակին, պատասխանում են, որ իրենք պարզապես եկել են արձանագրելու, որ խցանումը վերացված է»։

Մաշտոցի 19 շենքի բնակիչներն ու տնտեսվարողները բարձրաձայնում են իրավացի հարցադրում. արդյո՞ք «Վեոլիա Ջուր» ընկերությունը պարտավոր չէ նմանատիպ վթարային իրավիճակներում ցուցաբերել օպերատիվ արձագանք և կատարել իր պայմանագրային պարտականությունները, թեկուզ մեկ անգամ հասցեին մոտենալով ժամանակին, այլ ոչ թե բնակիչների կատարած աշխատանքը սոսկ «արձանագրելու» համար։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր