Փոքր Փարիզ հիշեցնող Երեւանի կենտրոնն ախպեր տղերքը կշարունակեն քանդել. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ, Երևանի պատվավոր քաղաքացի Կարինե Դանիելյանը մտահոգ է՝ որքան է շարունակվելու երևանյան աղավաղությունը:
«Պատմություն ունեցող քաղաքները կենտրոնը պահում են որպես արժեք, իսկ մեզ մոտ չկա այդպիսի բան, ախպեր-տղերքը չէին կարող մի քիչ թողնեին քաղաքին, պետք է ամբողջը բիզնեսի վերածել: Մեր քաղաքի ապերոները չեն կարող առանձին թաղամասերում բիզնես անեն, նրանք օպերայի գլխին պետք է լինեն, հրապարակի գլխին պետք է լինեն: Եվ պարզվեց, որ Երևանը պատմություն չունի, Երևանը էկոլոգիական խնդիրներ չունի: Եկեք ամբողջը ջնջենք, շենքեր նկարենք»,- ասում է նա:
Հներին փոխարինող նորակառույցները վտանգում են երևանցիների կյանքը, համոզված է Կարինե Դանիելյանը:
ԱԺ-ում օրենքի նախագիծ կա՝ հին շենքերը պահպանելու և քանդման դեպքում նորը չկառուցելու մասին, բայց Կարինե Դանիելյանը վստահ է, մինչև նախագիծն օրենք դառնա, քաղաքն իր դեմքը կորցրած կլինի։
Իսկ Երևանի կենտրոնում ծնված- մեծացած Արթուր Բախտամյանը այլ կարծիքի է. Երևանի որոշ կորուստներին դեմ չէ:
«Ես դեմ չեմ, որ Երևանը ժամանակակից քաղաք դառնա: Էս շենքերը պետք է քանդվեն, ու տեղը կանաչ լինի: Չեմ ասում՝ բարձրահարկեր կառուցնեն, բայց պետք է էս կիսաքանդ, մոխրագույն, «խանգռած» շենքերի փոխարեն թարմ շունչ լինի Երևանում»:
Արթուր Բախտամյանը Երևանը պատմամշակութային քաղաք չի համարում, վստահ է՝ քաղաքին նորություններ են պետք:
Հին Երևանը նորով փոխարինելու բանավեճը դեռ երկար է շարունակվելու։ Արամի 30-ը մի քանի օր առաջ, տարածքի սեփականատիրոջ ձեռամբ, քաղաքապետարանի թողտվությամբ, արդեն անցյալ է, հերթը Աբովյան-Պուշկին- Սախարովի հրապարակի պատմական եռանկյունունն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: