Շտապ օգնության ծառայությունը կհամալրվի չինական մեքենաներով․ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել
Կառավարությունն այսօր ընդունել է «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից ՀՀ կառավարությանն անհատույց տրամադրված շտապ օգնության ռեանիմոբիլները, շտապ օգնության գծային մեքենաները, դրանց օժանդակ սարքավորումները և պահեստամասերը նվիրաբերելու մասին» որոշում:
Շտապ օգնության 10 ռեանիմոբիլ` օժանդակ սարքավորումներով հանդերձ, կամրացվի ՀՀ առողջապահության նախարարությանը` հետագայում ըստ պահանջի նվիրաբերելու նպատակով: ՀՀ մարզերում շտապօգնության ծառայության համաչափ զարգացման նպատակով հեռավոր գյուղական բնակավայրերի բնակչությունը կապահովվի տեղանքի ռելիեֆին համապատասխանող, ամենագնաց տրանսպորտային միջոցներով:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարությանը՝ այսպիսի կարևոր և անհրաժեշտ աջակցության համար. «Կարծում եմ՝ այս օգնությունը, այսպիսի աջակցությունը ևս մեկ անգամ ընդգծում է հայ-չինական հարաբերությունների բարձր մակարդակը: Համոզված եմ, որ Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մակարդակը և նաև առևտրատնտեսական հարաբերություններըն առաջիկայում էականորեն կզարգանան»: