211652_close_icon
views-count6729 դիտում article-date 16:48 12-12-2020

Բարի անուն և հետք թողած Վլադիմիր Օհանյանը.Սերգո Երիցյան 

Իմ լավ բարեկամը` Վլադիմիր Օհանյանը 90 տարեկան է։ Բայց նրա կյանքում կարծես թե վերջին տասնամյակների ընթացքում շատ բան չի փոխվել. կրկին անհանգիստ է, անընդհատ փնտրտուքների, որոնումների, մարդկանց օգնություն, աջակցություն հասցնելու մտածմունքների մեջ, քանի որ նա բարությունն ու մարդասիրությունը համարում է յուրաքնչյուրի պարտքը, ով ինչ չափով կարող է օգտակար լինել մեկը մյուսին: Ես ակամայից հիշեցի մի երիտասարդ ընտանիքի պատմություն, ովքեր կյանքից մեծ հարվածներ կրելով, Շիրակից հայտվել էին Երևան քաղաքում և բազում դժվարություններ էին կրում: Իր սովորության համաձայն ոչ միայն ինքը կանգնեց այդ ընտանիքի կողքին, այլև իր մերձավորներին, բարեկամներն, հարազատներին հաղորդակից դարձրեց այդ ընտանիքի ճակատագրին: Այն իրողությունը, որ այդ ընտանիքը արդեն բազմանդամ է և հաստատուն ծածկ ունի իր գլխին, Վլադիմիր Օհանյանի բազում ջանքերի մասին է վկայում: Առհասարակ նա մարդասիրությունը շատ կարևոր արժեք է համարում և հավաստում, որ իր ողջ կյանքում հետևել է այդ սկզբունքին, նաև այն ժամանակ, երբ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի պետավտոտեսչության համակարգում:  Պետի տեղակալ աշխատած, ծագումով լոռեցի Վլադիմիր Օհանյանի հետ մեր բարեկամությունը նոր չէ։ Մեզ ծանոթացրել է լոռվա բնաշխարհը, որի  գեղատեսիլ վայրերից մեկը՝ Վահագնին նրա ծննդավայրն է։ Դեռ երիտասարդ տարիքում հայրենի գյուղից տեղափոխվել է Երևան, բայց միշտ պահպանել է իր մեծ սերը հայրենի եզերքի նկատմամբ, որի դրսևորումներից մեկը նրա պարբերաբար հայրենի գյուղ այցելելն է, ուր մինչև հիմա պահպանված է նրա հայրական օջախը։ Մի անգամ, երբ Վլադիմիր Օհանյանը իր հայրենի եզերքում էր, հրավիրեց այցելելու Վահագնի, լինելու իր պապենական տանը: Պետք էր տեսնել այն մեծ սերն ու կարոտը, որ նա ուներ Օհանյանների օջախի նկատմամբ, որի յուրաքանչյուր անկյունը հիշեցնում էր անցած-գնացած սերունդների մասին: « Մեր տան առաջից ոչ մի հացի կարոտ մարդ ձեռնունայն չէր հեռանում,- պատմում է Վլադիմիր Օհանյանը,- մերոնք արդեն գիտեին, թե մեր գյուղացիներից ով ինչի կարիք ունի և ինչպես կարող են օգնել: Միշտ մեր տան դուռը բաց եմ տեսել, կողպեքներ չկային նաև այնտեղ, որտեղ պահվում էր ցորենը, յուղն ու պանիրը, այն, ինչ ամբարում է գյուղացին ձմեռվա համար: Ինձ համար ամենահիշարժանը մնացել են մեր գյուղի ձմռան օրերը, երբ ավագները հավաքվում էին կրակի շուրջը ու սկսում  Լոռվա իրենց հին-հին պատմությունները»:     Պետք էր տեսնել ոգևորված, վերափոխված մարդու, որը ոչ թե քայլում էր, այլ վազում....Իսկ խոսքաշեն Վլադիմիր Օհանյանի ընկերակցությամբ՝ ինձ համար նորովի բացվեց պատմական Վահագնի գյուղը՝ իր սարերով ու ձորերով, անտառներով ու գետակներով, մարդկանցով։ «Ամեն անգամ, երբ իմ ծննդավայր եմ գալիս, մոռանում եմ բոլոր խնդիրները, որ ունենում եմ, որովհետև հայրենի եզերքը,Դեբեդի հավերժական խշշոցը նորովի են լիցքավորում բովանդակավորում իմ կյանքը,- ասում էր Վլադիմիր Օհանյանը, - ու աչքիս առջև են գալիս կյաքիս ապրած ու չապրած տարիները։ Կարող եմ ասել, որ ավելի շատ ապրած տարիներ ունեմ»։ Երեկոյան նստում էինք Դեբեդի ափին ու սկիզբ էին առնում զրույցները լոռվա երևելիների մասին՝ Թումանյանից մինչև այն Վահագնեցին, ով գիշեր-ցերեկ իր մի կտոր հացն է արարում։ «Մեր գյուղացին միշտ էլ կարողացել է քարից հաց քամել, - շարունակում էր Վլադիմիր Օհանյանը, -հիշում եմ մանկության տարիներս, թե ինչպես էինք բոլորս աշխատում երկաթուղու շինարարությունում, որ հնարավոր լիներ մեր ծնողներին տուն-տեղ պահել»։  Պատահական չէ նաև, որ իր վերջին գիրքը անվանել է «Հայրենի եզերքի կարոտը սրտումս», որտեղ փորձել է թերթել անցյալի էջերը և դրանք փոխանցել սերունդներին:  «Երևի տասներեք տարեկան կլինեի,- գրում է Վլադիմիր Օհանյանը,- մորական կողմի տատս Լորուտի սարում էր լինում : Սարով-չոլով վեր էի կենում, Վահագնիից գնում հասնում նրա մոտ, որ տուն մի բան բերեի՝ կաթ, մածուն, կաթնասեր, պանիր, ինչ կարող էին տալ: Չէ՞ որ սովի տարիներ էին պատերազմ էր, 1943 թվականը: Տատս մի մեծ բոխչա էր տալիս , մի կերպ շալակած՝ համարյա քարշ տալով, գյուղ էի հասնում: Գիտեի, որ մերոնք դրա կարիքը շատ ունեն և եթե հարկ էր լինում, նորից էին բռնում այդ նույն դժվարին ճամփան: Եվ ո՞րն է կարևորը. ինչ բերում էի, մերոնց համար էի բերում, ժանապարհին ոչ մի բանի ձեռք չէի տալիս, այլ ուտում էի միայն այն, ինչ հատուկ ինձ համար էր տատս դրած լինում: Այսպես փոքր հասակից սովորեցինք աշխատել, օգնել, ընտանիքի հոգսի ու ցավի կողքին լինել, մի կտոր հացը կիսել ընտանիքի անդամների, ընկերների հետ»: Այս և նման սկզբունքներին նա չդավաճանեց իր ողջ կյանքում: Իսկ տարիները արագ են անցնում, բարեկամս՝ Վլադիմիր Օհանյանը այսօր 90 տարեկան է դառնում,  զանգահարում եմ։ Ասում է, որ այս տարի չի կարողացել Վահագնի գնալ, բայց շատ կուզենար իր ծննդյան օրն այնտեղ նշել։ Այնտեղ շատ հանգիստ ու խաղաղ է զգում, այնքան դրական լիցքեր է ստանում, որ բավարարում է ողջ տարվա համար։ Իսկ հիմա անցած-գնացած տարիների հետ է ,մարդկանց է հիշում, որոնց առնչվել է տարբեր առիթներով։ Ինչպես կարող է  մոռանալ իր համագյուղացի, Հայաստանի երկար տարիների ղեկավար Անտոն Քոչինյանին և նրանց գերդաստանը, որոնք արարող, ստեղծող մարդիկ էին և  բարի անուն, ու համբավ են թողել։ «Կարևորը այս աշխարհում բարի հետք, բարի անուն թողելն է, որը ինձ համար գործելակերպ ու սկզբունք է եղել ողջ կյանքում»,- ավարտում է իր խոսքը 90 -ամյա կյանք ապրած Վլադիմիր Օհանյանը։      Մեզ մնում է հոբելյանի առթիվ շնորհավորել վաստակաշատ պահեստի գնդապետին ու միշտ բարի  հետք  թողած մարդուն, ցանկանալ երկար տարիների կյանք և իր երազանքի իրականացում՝ ամեն տարի լինել հայրենի Լոռվա եզերքում, քանի որ իր գրքի բնաբանում Վլադիմիր Օհանյանը ընթերցողին է փոխանցում հետևյալ տողերը.  «Ամեն երեկո փակում եմ աչքերս հայրենի եզերքի կարոտը սրտումս: Երազներումս միշտ Լոռվա հող ու ջրի մարդիկ են՝ իրենց հին ու նոր ավանդույթներով, հույսի և հավատի հզոր ու ուժեղ լիցքերով»։  Սերգո Երիցյան  «Լոռվա ձոր» հայրենակցական միության  նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր

Նմանատիպ նյութեր