211652_close_icon
views-count3922 դիտում article-date 23:10 04-04-2021

Ի՞նչ խնդիրներ է առաջացնում AstraZeneca պատվաստանյութը, ինչո՞ւ են Եվրոպայում հրաժարվում դրանից. հայազգի բժիշկը մանրամասնում է. 168.am

Գերմանիայում արդեն տևական ժամանակ մասնագիտական բավականին լայն շրջանակներ ակտիվորեն քննարկում են կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի ներարկումից հետո գլխուղեղում թրոմբի առաջացման հավանականությունը։

2.3 միլիոն մարդ Գերմանիայում արդեն իսկ ստացել է AstraZeneca պատվաստանյութի առաջին դեղաչափը, և շուրջ 800 մարդ՝ երկրորդ չափաբաժինը։ Սակայն ավելի քան 30 պացիենտների մոտ պատվաստանյութի ներարկումից 6-10 օր հետո, որպես բարդություն, առաջացել է գլխուղեղի երակային համակարգում թրոմբոզ, և դրանցից մի քանիսը՝ անգամ մահացու ելքով։ Այդ իսկ պատճառով՝ այս պահին գործում են խիստ սահմանափակումներ AstraZeneca պատվաստանյութի կիրառելիության նկատմամբ։

Թեմայի վերաբերյալ 168.am-ը զրուցել է բժիշկ-նյարդաբան, Բեռլինի Շարիտե համալսարանական կլինիկայի ասպիրանտ Սարգիս Աբրահամյանի հետ:

 Որպես նյարդաբան՝ կմանրամասնեք՝ ի՞նչ է գլխուղեղի թրոմբոզը, և ինչքանո՞վ է այն վտանգավոր։ 

– Գլխուղեղի երակային համակարգում և երակածոցերում թրոմբոզի առաջացումը, որպես առանձին հիվանդություն, բավականին լավ ուսումնասիրված է և հայտնի է նյարդաբանության մեջ։ Այն հիմնականում առաջանում է երիտասարդների մոտ, և կանայք երկու անգամ ավելի հաճախ են ունենում տվյալ խնդիրը։

Թրոմբոզի առաջացման պատճառները բավականին տարբեր են և ուղիղ կապ ունեն այնպիսի ռիսկի գործոնների հետ ինչպիսիք են ծխելը, հակաբեղմնավորիչ հաբերի կիրառումը, հղիությունը, արյան մի շարք հիվանդությունները, չարորակ գոյացությունների և աուտոիմուն հիվանդությունների առկայությունը։

Թրոմբի առկայությունը գլխուղեղի երակներում հանգեցնում է ներգանգային ճնշման բարձրացմանը, որը կարող է ունենալ տարբեր կլինիկական դրսևորումներ։ Ամենահաճախ հանդիպող դրսևորումը գլխացավն է, սակայն կարող են ի հայտ գալ մի շարք այլ նշաններ՝ տեսողության խանգարում, գիտակցության խանգարումներ, ընդհուպ՝ մինչև ցնցումների առաջացում։

– Ի՞նչ գանգատներ են ունենում հիվանդները պատվաստումից հետո, և ե՞րբ է անհրաժեշտ դիմել բժշկի։ 

– Քանի որ տվյալ խնդիրը հիմնականում առաջանում է երիտասարդների մոտ, այդ իսկ պատճառով այս պահին AstraZeneca պատվաստումը Գերմանիայում իրականացվում է միայն 60 տարեկանից բարձր անձանց շրջանում։ Տվյալ տարքային շեմից բարձր խմբերում հավանականությունը տվյալ բարդության առաջացման բավականին ցածր է։ Սակայն, եթե պատվաստումից 6-10 օր հետո առաջանում է գլխացավ և շարունակում է անհանգստացնել մարդուն՝ օրեր շարունակ, և եթե ցավազրկողների ընդունումն օգտակար չէ, անհրաժեշտ է դիմել բժշկի։

– Եթե խոսքը թրոմբի առաջացման մասին էինչպե՞ս կբացատրեք այն հանգամանքը, որ տվյալ մարդկանց մեծ մասի մոտ գրանցվել է ոչ թե 
թրոմբոցիտների քանակի բարձրացումայլ ընդհակառակը՝ թրոմբոցիտների քանակը եղել է բավականին ցածր։

– Բավականին հետաքրքիր հարցադրում է, և կարծում եմ՝ կարևոր է անդրադառնալ այս հարցին։ AstraZeneca պատվաստանյութից հետո առաջացած թրոմբոզի մեխանիզմը մի փոքր այլ է մեզ հայտնի մեխանիզմներից։

Գրայֆսվալդի համալսարանական կլինիկայի իմունաբանության և փոխներարկման բժշկության աշխատանքային խումբը հետազոտել և հրապարակել է AstraZeneca պատվաստանյութի և թրոմբոզի առաջացման մեխանիզմը։ Ըստ այդմ, իմունային համակարգն ակտիվանում է և արտադրում հակամարմիններ՝ սեփական օրգանիզմի թրոմբոցիտների նկատմամբ։ Դրա արդյունքում նվազում է թրոմբոցիտների քանակն արյան մեջ, սակայն այդ պրոցեսի արդյունքում նաև մեծանում է թրոմբոցիտների ագրեգացիոն հատկությունը, որն էլ պատճառ է դառնում գլխուղեղի երակային համակարգում թրոմբի առաջացման։

Այս մեխանիզմը նման է մասնագետներին հայտնի հեպարին-հարուցված թրոմբոցիտոպենիա առաջացմանը, և դրա իմացությունը նյարդաբանների համար կարևոր է, քանի որ դրանով պայմանավորված բուժումն էականորեն տարբերվում է մեզ հայտնի գլխուղեղի երակների և երակածոցերի ժամանակ կիրառվող բուժումից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ 168.am-ում

Նմանատիպ նյութեր