211652_close_icon
views-count331 դիտում article-date 13:53 14-05-2026

Լատվիայի վարչապետն ու կառավարությունը հրաժարական են տվել

Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինյան հայտարարել է, որ ինքը և իր ողջ կառավարությունը հրաժարական են տալիս։ Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Սպուտնիկ Լատվիա գործակալությունը։

«Հայտնում եմ 2026 թվականի մայիսի 14-ին վարչապետի պաշտոնից իմ հեռացման և ողջ նախարարների կաբինետի հրաժարականի մասին»,- ասված է Սիլինյայի հայտարարության մեջ:

Նշվում է, որ մայիսի 14-ին Սեյմում ընդդիմության նախաձեռնությամբ կարող էր տեղի ունենալ վարչապետին անվստահություն հայտնելու քվեարկություն։ Սիլինյան հայտարարել է իր հրաժարականի մասին՝ չսպասելով քվեարկությանը։ Սա նշանակում է նաև ողջ կառավարության հրաժարական։

Մայիսի 10-ին հաղորդվել էր, որ Լատվիայի պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսը հրաժարականի դիմում է ներկայացրել լատվիական Ռեզեկնե քաղաքում նավթամբարի վրա անօդաչու թռչող սարքի ընկնելու միջադեպից հետո։ Պաշտպանական գերատեսչության նախնական տվյալների համաձայն՝ անօդաչուն ուկրաինական էր։

Մայիսի 7-ի առավոտյան Լատվիայի օդային տարածք են ներթափանցել մի քանի ԱԹՍ-ներ, որոնցից մեկն ընկել է Ռեզեկնե քաղաքում՝ վնասելով նավթամթերքի պահեստարանը։ Միջադեպը մեծ արձագանք է առաջացրել Լատվիայում, ընդդիմադիր կուսակցությունները պահանջել են պաշտպանական գերատեսչության ղեկավարի հրաժարականը։

Արդյունքում Սպրուդսը հայտարարել է, որ պատրաստ է հեռանալ պաշտոնից և պատասխանատվություն ստանձնել այն բանի համար, որ այդ օրը Լատվիայի օդային տարածք ներթափանցած անօդաչուները անվտանգ կերպով չեն խոցվել, ինչը հանգեցրել է նավթաբազայի վնասմանը։

Նմանատիպ նյութեր