211652_close_icon
views-count379 դիտում article-date 15:01 14-05-2026

Հայաստանը մարդասիրական աջակցություն կտրամադրի Լիբանանին

Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի՝ Լիբանանի Հանրապետությունում առկա պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի պայմաններում Հայաստանի Հանրապետության կողմից մարդասիրական աջակցություն տրամադրելու անհրաժեշտությամբ պայմանավորված։

Ըստ այդմ՝ նախատեսվում է Կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել շուրջ 60 մլն դրամ, որից 34 մլն դրամը՝ պարենային ապրանքների (սննդամթերք) և սանիտարահիգիենիկ պարագաների ձեռքբերման, իսկ 26,0 մլն դրամը՝ դեղերի ձեռքբերման նպատակով, որոնք, որպես մարդասիրական աջակցություն, կտրամադրվեն Լիբանանի Հանրապետությանը։

Հիմնավորման համաձայն՝ Լիբանանի Հանրապետությունում ընթացող պատերազմական գործողությունների հետևանքով ձևավորվել է հումանիտար ճգնաժամ, որի պայմաններում զգալիորեն աճել է բնակչության պարենային ապրանքների, ինչպես նաև սանիտարահիգիենիկ և առաջին անհրաժեշտության պարագաների և դեղերի կարիքը։

Հայաստանի Հանրապետությունը նախատեսում է տրամադրել նպատակային մարդասիրական աջակցություն՝ ապահովելով տուժած բնակչության առաջնային կարիքների բավարարման համար անհրաժեշտ պարենային և սանիտարահիգիենիկ ապրանքների, դեղերի տրամադրումը։ Անհրաժեշտ ապրանքների ցանկը աշխատանքային կարգով ներկայացվել է Արտաքին գործերի նախարարության կողմից:

Նմանատիպ նյութեր