211652_close_icon
views-count364 դիտում article-date 18:30 20-05-2026

ԵՄ-ն քննարկում է նոր պատժամիջոցներ Ռուս ուղղափառ եկեղեցու և ռուսական գործիչների դեմ

Հունգարիայի նոր կառավարությունը, ըստ Euronews-ի տվյալների, պատրաստակամություն է հայտնել աջակցել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի դեմ Եվրոպական միության պատժամիջոցներին։ Նախկինում նման միջոցները վարչապետի պաշտոնը լքած Վիկտոր Օրբանի կաբինետն արգելափակում էր։ ԵՄ-ում Ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավարին պատժամիջոցների ցանկերում ներառելու քննարկումները վարվում են 2022 թվականից ի վեր՝ Ուկրաինայում պատերազմին աջակցելու և քարոզչություն տարածելու մեղադրանքների ֆոնին։

Աղբյուրների տեղեկություններով՝ Եվրամիությունում պատրաստվում է անհատական սահմանափակումների այսպես կոչված «մինի-փաթեթ»։ Պատրիարք Կիրիլից բացի, դրանում կարող են ներառվել ՌԴ սպորտի նախարար Միխայիլ Դեգտյարյովը, գործարար Վյաչեսլավ Կանտորը, ինչպես նաև միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի քույրը՝ Գուլբախոր Իսմայիլովան։ Նախկինում այս գործիչները պատժամիջոցների ցանկերից հանվել էին Օրբանի նախաձեռնությամբ։ Հաղորդվում է նաև, որ սահմանափակումների տակ կարող են հայտնվել Ռուս ուղղափառ եկեղեցու առանձին ներկայացուցիչներ։ Ակնկալվում է, որ պատժամիջոցների փաթեթը կձևավորվի հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին։ Հունգարիայի նոր ղեկավարության ներկայացուցիչները հայտարարում են, որ չեն խոչընդոտի Ռուսաստանի վրա ճնշումն ուժեղացնելու ԵՄ ջանքերին։

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ավելի վաղ նշել էր, որ Հունգարիայում իշխանափոխությունից հետո նոր թափ է հաղորդվել պատժամիջոցների քաղաքականության ընդլայնմանը։ Նա կոչ է արել վերադառնալ նախկինում քննարկված, սակայն չհամաձայնեցված միջոցներին, ինչպես նաև առաջ մղել սահմանափակումների նոր փաթեթը։ Պատժամիջոցների 21-րդ փաթեթի շրջանակում, որը նախատեսվում է քննարկել հունիսի 18-19-ին անցկացվելիք Եվրոպական խորհրդի նիստում, դիտարկվում են միջոցներ ռուսական բանկերի, ֆինանսական կառույցների, ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների և օկուպացված տարածքներից ուկրաինական հացահատիկի վաճառքի հետ կապված ընկերությունների դեմ։

16 տարի իշխանության ղեկին գտնվող Վիկտոր Օրբանի կուսակցությունը ապրիլի կեսին պարտվեց խորհրդարանական ընտրություններում։ Հաղթանակ տարավ նրա նախկին զինակից Պետեր Մադյարի կուսակցությունը՝ խորհրդարանում ստանալով սահմանադրական մեծամասնություն։

Նմանատիպ նյութեր