211652_close_icon
views-count1495 դիտում article-date 16:21 24-05-2026

ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ Գյումրիում կարծես թե սայլը տեղից շարժվում է․ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի կողմից սկսվել են ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի կողմից սկսվել է Գյումրի քաղաքում որոշ ճանապարհների հիմնանորոգման, որոշ ճանապարհների էլ ասֆալտապատման աշխատանքները։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հսկողությամբ արդեն աշխատանքները սկսվել են Գյումրիի Վահան Տերյան փողոցում՝ դեռ խորհրդային տարիներին կառուցված, քաղաքի սկզբնամասում գտնվող կամրջի հարևանությամբ։Այդ հատվածում, երբ եղանակը անձրևային էր լինում կամ ձնհալ էր սկսվում, շատ դեպքերում կամրջի այդ հատվածը, ինչպես կես կատակ ու կես լուրջ ասում են գյումրեցիները՝ վերածվում էր «Գյումրվա Վենետիկի»։

Անգամ եղել են մի քանի դեպքեր, երբ ավտոմեքենաները, ինչպես նաև սառցաբեկորները մնացել են կամրջի տակ, մինչև ժամանել են Գյումրիի փրկարարները և քաղաքացիների օգնությամբ դուրս բերել դրանք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը ոչ միայն հիմնանորոգելու է այդ հատվածը, այլ մինչ այդ փոխելու են կոյուղատար և ջրահեռացման խողովակները, քանի որ դրանք արդեն իրենց դարն ապրել են։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի գյումրեցիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Մի քանի օր է տեսնում ենք, որ սկսել են էս հատվածը կապիտալ վերանորոգել, ավելի ճիշտ՝ ոչ թե վերանորոգում են, այլ հիմնանորոգում են, ինչի համար շատ գոհ ենք։

Գիտենք, որ կառավարությունը խոշոր չափի գումար է հատկացրել, իսկ աշխատանքների վերահսկողությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ, դրվել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի վրա։

Մնում է ոչ միայն այս հատվածը, այլ ամբողջ Գյումրին փրկեն փոսերից, այդ թվում՝ մարդաբոյ։

Բայց ուզում ենք նաև խնդրանքով դիմել, որ ոչ միայն գլխավոր ճանապարհները, այլ նաև բակային հատվածներն ասֆալտապատեն, ու մինչ ասֆալտ փռելը ջրախողովակներն ու կոյուղատարները փոխեն, թե չէ 30 տարուց ավելի ասֆալտը անում են, մի որոշ ժամանակ հետո կոյուղատարները տրաքում են, ու էդ արած աշխատանքը հոդս է ցնդում»։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր