211652_close_icon
views-count1240 դիտում article-date 20:19 25-05-2026

Կառավարության ֆինանսավորմամբ Գյումրիում սկսվել է վարորդների համար մահաբեր ու պատուհաս դարձած ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները․ գյումրեցիներն ասում են․ «Ուզում ենք հավատալ, որ որակյալ աշխատանք կիրականացվի»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Վերջին օրերին ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հսկողությամբ, ինչի պատասխանատվությունը նրա վրա է դրվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, Գյումրիում կարծես կյանքի է կոչվում այն գաղափարը, որ վերջապես գյումրիում վարորդներն ու հետիոտները կունենան որակյալ, ասֆալտապատ, արտաքին լուսավորությամբ և գծանշումներով հագեցած ճանապարհներ։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն աշխատանքները սկսվել են Գյումրու ամենախոշոր ճանապարհներից մեկում՝ Շիրակացի փողոցում։

Թեև Գյումրիում այնքան շատ են ավերված փողոցները, այդ թվում՝ բակային հատվածներում, որ եթե այս տարի կառավարությունը գոնե քաղաքի գլխավոր ճանապարհներում ու կարևորագույն հատվածներում ոչ թե փոսալցում, այլ հիմնանորոգում իրականացնի, ապա գյումրեցիների մոտ հավատը կվերականգնվի, որ իրենց քաղաքով երթևեկելը վարորդների համար չի դառնա պատուհաս։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեկ՝ մայիսի 24-ին, Շիրակացի փողոցի մի քանի կիլոմետրանոց հատվածում վարորդներից մի քանիսը ոչ միայն կոտրել էին անվահեծանները, այլև թափարգելները, մի քանի ավտոմեքենաների անվադողեր էլ պայթել էին։ Իսկ մի ավտոմեքենա այնպես էր հայտնվել դիտահորի հատվածում, որ այն ավտովերանորոգման կետ տանելու համար վարորդը ստիպված էր օգտագործել ավտոքարշակ։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում կային վարորդներ, ովքեր իրենց խոսքն էին ուղղում կառավարությանը՝ ասելով․ «Հավատներս կորել էր, թե այս տարի կամ առաջիկա մի քանի տարիներին կերթևեկենք հարթ, առանց փոսերի ճանապարհներով։ Բայց մի քանի օր է՝ Գյումրու գլխավոր ճանապարհներին սկսվել են հսկայական աշխատանքներ, ինչի համար շնորհակալ ենք կառավարությանը, Շիրակի մարզպետարանին, ինչու չէ՝ նաև Գյումրու քաղաքապետարանին։ Ճիշտ է, հիմա քաղաքապետ չունենք, ում կարիքը շատ է զգացվում, խոսքը մեր սիրելի Վարդան Ղուկասյանի մասին է, այ, եթե նա կալանավորված չլիներ՝ Գյումրիում շատ հարցեր լուծված կլինեին։

Մենք տեսել ենք նախկինում նրա կատարած աշխատանքը ու լավ էլ գոհ ենք եղել։ Հիմա էլ տեսնում ենք կառավարության աշխատանքը՝ հանձինս ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի, իրենցից էլ ենք գոհ։

Մնում է ճանապարհաշինարարները որակ ապահովեն, որ մի տարի հետո կամ հորդառատ անձրևների պատճառով նորից փոսեր չառաջանան»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ Երեկ՝ փետրվարի 20-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Գյումրիի Շիրակացի փողոցում տիրող վիճակի մասին, որտեղ «մարդաբոյ» փոսերն ու «խրամատները» իսկական պատուհաս էին դարձել վարորդների համար։ Գրեթե ամեն օր ավտոմեքենաների անվահեծաններ էին կոտրվում, անվադողեր պայթում, նույնիսկ եղել էին դեպքեր, երբ տեղի էին ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարներ։

Ինչպես տեղից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ փետրվարի 21-ին, պատասխանատու մարմինները ըստ տեղեկությունների՝ կամ Շիրակի մարզպետարանը, կամ Գյումրու քաղաքապետարանը, այդ փողոցում կատարել են խճաքարով փոսերի լցման աշխատանքներ, ինչը որոշ չափով վարորդներին ազատել է անհարմարություններից։ 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում վարորդներն ասում էին. «Ողջունելի է, որ շատ արագ պատասխանատուներն արձագանքեցին ու փոսերը խճաքարով լցրեցին։ Ցանկալի է, որպեսզի շատ արագ գոնե ասֆալտապատումն էլ անեն, մինչև կապիտալ ճանապարհը հիմնանորոգվի։ Եթե հիմա ասֆալտը չանեն, էդ խճաքարերի վրայով ավտոմեքենաները մի քանի անգամ գնալու են, գան, էդ խճաքարերը ցաքուցրիվ են լինելու ու նորից հայտնվելու ենք փոսառատ ճանապարհներին»։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, Շիրակի մարզկենտրոն Գյումրիում նույնպես այնքան շատ են «մարդաբոյ» փոսերը, որ կարող է մրցակից համարվել Երևանին, ու ոչ միայն «մարդաբոյ» փոսերով ու փոշոտ փողոցներով, այլ նաև կան փողոցներ, որոնք խրամատներ են հիշեցնում։

Փետրվարի 20-ին, Գյումրիի գրեթե բոլոր հիմնական փողոցներում երթևեկությունը վարորդների համար կարծես «Ֆորտ Բոյար» լինի։ Գրեթե ամեն օր վարորդները կամ ավտոմեքենաների անվահեծաններն են կոտրում, կամ անիվներն են պայթում, ու այդ ժամանակ վարորդները Գյումրու հայտնի բարբառով ամենաքաղցր խոսքերն են ուղղում Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի և պաշտոնյաների հասցեին։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում վարորդների մեծամասնությունը իրենց դժգոհությունն էին հայտնում՝ ասելով.

«Գյումրին համարում են Հայաստանի 2-րդ քաղաքը, այսպես ասած՝ հայրաքաղաք, բայց Գյումրին էլ է կարծես անտերության մատնված։ Մի հատ խելքը գլխին ճանապարհ չես գտնի, թե՛ գլխավոր, թե՛ բակային հատվածներում։ Մինչ Գյումրու ավագանիում իշխանություն-ընդդիմություն իրար են ուտում, քանդված մարդաբոյ ու խրամատ հիշեցնող հազարավոր փոսերն էլ մեր նյարդերն են ուտում։ Ով է տեսել 1-2 տարի առաջվա փռած ասֆալտը քայքայվի։ Չի քայքայվել է, նենց փոսեր են առաջացել, որ կարող ենք մեջը ջուր լցնել ու ձուկ պահել։

Գույքահարկը կանոնավոր վճարում ենք։ Էլ չենք ասում, որ շտապօգնությունը եթե առաջ գալիս էր հիվանդի տուն 10-15 րոպեում, հիմա 1.5 ժամում որ հասնում է, փառք ենք տալիս։ Ամբողջ քաղաքը էդ փոսերի պատճառով նաև փոշոտվում է։ Մի թեթև քամի, փոշին արդեն Գյումրվա տրնգի է պարում մեր վրա։

Հիմա ոչ թե խնդրում, այլ պահանջում ենք պատասխանատուներից գոնե փոսալցում անեն։

Լուսանկարներն և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 148+
148+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր