211652_close_icon
views-count286 դիտում article-date 20:00 27-05-2026

Ռուսաստանը շարունակում է համակողմանիորեն աջակցել Հայաստանին սահմանների պահպանության հարցում. ԱԴԾ

Ռուսաստանը շարունակում է համակողմանիորեն աջակցել Հայաստանին իր սահմանապահ կառույցների ստեղծման և սահմանի պահպանության գործում, «Российская газета»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) տնօրենի առաջին տեղակալ – սահմանապահ ծառայության ղեկավար Վլադիմիր Կուլիշովը։

«Ըստ 1992 թվականի սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության Սահմանապահ զորքերի իրավական կարգավիճակի և նրանց կենսագործունեության պայմանների մասին» Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև պայմանագրի՝ հայկական կողմը Թուրքիայի և Իրանի հետ իր պետական սահմանի պահպանության լիազորությունները պատվիրակել է Ռուսաստանի Դաշնության Սահմանապահ զորքերին։

Նույն պայմանագրով նախատեսվում է, որ սեփական սահմանապահ կառույցների ստեղծմանը զուգընթաց՝ հայկական կողմը, Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարության հետ համաձայնեցմամբ, հաջորդաբար իր պահպանության տակ է վերցնում Թուրքիայի և Իրանի հետ սահմանի հատվածները՝ կազմակերպելով դրանց պաշտպանությունը ռուսական սահմանապահ մարմինների հետ սերտ փոխգործակցությամբ։
2024 թվականին, հիմնավորելով սահմանային անցակետերում խնդիրներն ինքնուրույն լուծելու ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի աճած ներուժով, հայկական կողմը դիմել է սահմանային վերահսկողությունը հայ սահմանապահների իրավասությանը հանձնելու ծրագրերի իրականացմանն աջակցելու խնդրանքով։

Համաձայնեցված պայմանավորվածությունների հիման վրա «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և սահմանի իրանական ու թուրքական (ներկայում չեն գործում) հատվածների անցակետերում սահմանային վերահսկողության գործառույթները հաջորդաբար փոխանցվել են ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներին։

«Նման հարցերի լուծումը կրում է բացառապես գործնական բնույթ՝ գործող ռուս-հայկական միջպետական պայմանավորվածությունների շրջանակում։ Մենք շարունակում ենք համակողմանի աջակցություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետությանը սեփական սահմանապահ կառույցների ստեղծման, ինչպես նաև պետական սահմանի պահպանության ոլորտում անվտանգության ապահովման այլ հարցերում»,- նշել է նա։
 

Նմանատիպ նյութեր