211652_close_icon
views-count667 դիտում article-date 22:50 28-05-2026

Կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ է․ քաղաքացիները կարող են հետ պահանջել վճարած գումարները․Օragir.news

«2025 թվականի կարմիր գծերի թանկացման դեմ մեր բողոքը տվեց իր վերջնական արդյունքը․ Վճռաբեկ դատարանը մերժեց ՔՊ-ական ավագանու ներկայացրած բողոքը վարույթ ընդունել։ Սա նշանակում է, որ 2025 թվականի կարմիր գծերի թանկացումը եղել է ոչ իրավաչափ, իսկ գանձված վճարներն ու տուգանքները՝ ոչ իրավական հիմքով»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը։

Նրա խոսքով՝ կարմիր գծերի թանկացման դեմ դատական գործընթացը մեկնարկել է դեռևս 2024 թվականից։ Սուքիասյանի փոխանցմամբ՝ 2024 թվականի թանկացման վերաբերյալ բողոքարկումները սկսվել են նույն տարում և հասել մինչև վերաքննիչ ատյան, որտեղ իրենց դիրքորոշումը բավարարվել է։

Իսկ 2025 թվականի թանկացման մասով գործը հասել է մինչև Վճռաբեկ դատարան, որը մերժել է բողոքը վարույթ ընդունել՝ ուժի մեջ թողնելով նախորդ որոշումը։

«24 թվականի թանկացման դեմ պայքարը սկսել ենք հենց 2024-ին, իսկ 2025 թվականի թանկացման հարցով գործընթացը մեկնարկել է 2024 թվականի դեկտեմբերից։ Մոտ մեկ տարուց ավելի տևած դատական գործընթացից հետո արդեն ունենք վերջնական արդյունք»,- նշեց Սուքիասյանը։

Ավագանու անդամը պարզաբանեց նաև, թե ինչ քայլեր կարող են ձեռնարկել քաղաքացիները՝ նախկինում վճարված գումարները հետ ստանալու համար։

«Քաղաքացիները կարող են դատական որոշումը կցելով դիմել քաղաքապետարան և պահանջել իրենց գումարների վերադարձը։ Եթե քաղաքապետարանը մերժի, ապա այդ մերժումը հիմք կդառնա դատարան դիմելու համար։ Այդ դեպքում արդեն արագացված և հեշտացված ընթացակարգով հնարավոր կլինի դատարանից ստանալ գումարի վերադարձի որոշում»,- ասաց նա։

Սուքիասյանի խոսքով՝ գործընթացը կարող է որոշ ժամանակ պահանջել, սակայն քաղաքացիների համար կարող է լինել շահավետ։ «160 հազար դրամի համար, կարծում եմ, արժե անցնել այդ ճանապարհը։ Եթե քաղաքացիները ցանկանան, մինչև այս տարվա վերջ կարող են դիմել և փորձել վերադարձնել իրենց գումարները»,- նշեց նա։

Նա հավելեց, որ անհրաժեշտության դեպքում կարող են օգնել քաղաքացիներին դատական որոշումը ձեռք բերելու և համապատասխան դիմումների ընթացակարգը հասկանալու հարցում։

Նմանատիպ նյութեր