211652_close_icon
views-count8407 դիտում article-date 12:25 29-05-2026

Առաջին Հանրապետության օրվա առթիվ՝ լեգենդ դարձած հերոսների մայրերը, Ամերիկյան համալսարանի ներկայացուցիչները հուշածառերը խնամելու և ջրելու հերթական միջոցառումն իրականացրեցին «Դադիտանը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ մայիսի 28-ին, Առաջին Հանրապետության օրվա առթիվ Կոտայքի մարզի Քանաքեռավան բնակավայրում էին հավաքվել Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված, լեգենդ դարձած հերոսների մայրեր, հայեր, հարազատներ, Ամերիկյան համալսարանի դասախոսական կազմի ներկայացուցիչներ։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Քանաքեռավանի տարածքում արդեն մի քանի տարի է կա «Դադիտուն», որտեղ տնկված են Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած 7 զինվորների անվանական եղևնիներ և Ամերիկյան համալսարանի անձնակազմի կողմից մեկ եղևնի։ Իսկ հարևանությամբ էլ ստեղծված է Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված, լեգենդ դարձած հերոսների անվամբ մրգատու ծառերի այգի։

Երեկ հերոսածին մայրերը, հերոսների հայրերը, զինակից ընկերները, Ամերիկյան համալսարանի դասախոսական կազմի և ուսանողների մի քանի ներկայացուցիչներ Առաջին Հանրապետության տոնի առթիվ այդտեղ հերթական անգամ կատարեցին հուշածառերը մշակելու և ջրելու միջոցառում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 2016 թվականի Արցախյան քառօրյա պատերազմից հետո ապրիլի 24-ին Դավիթ Ուզունյանը հեռուստացույցով դիտում է հանրահայտ «Մայրիկ» ֆիլմը և հաջորդ օրը նա իր մայրիկին տեղեկացնում է՝ ասելով՝ «Մամ ջան, հենց հարստանամ, «Մայրիկ» ֆիլմի այգին եմ ստեղծելու և այն նվիրեմ քեզ», ու այդ վեհ գաղափարն իրականացնում է Բագրատ Ուզունյանը։

Ամայի տարածքը մշակվում է, ստեղծվում է այդ հրաշք այգին ու այդտեղ իրենց ներդրումն են ունենում նաև Ամերիկյան համալսարանի դասախոսական կազմը, հերոսների հայրերը ու կյանքի է կոչվում այն։

Հերոսների անվանական մրգատու ծառերն արդեն իրենց բերքն են տալիս ու նշված վայրը, որը շատերը կոչում են արդեն «Դադիտուն», գրեթե միշտ մարդաշատ է լինում։ Հերոսների անվանական ծառերը խնամելու և ջրելու համար անգամ նրանց չճանաչող մարդիկ են այցելում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր