211652_close_icon
views-count1978 դիտում article-date 17:02 05-06-2026

Երևանից Զովունի ճանապարհն անցնելիս պիտի սրտի կաթիլներ ունենաս. նախկինում րոպեներ, հիմա ժամեր է պահանջվում անգամ շտապօգնությունից, հրշեջներից․ ճանապարհը հիմնանորոգողները իրենց անգործությունը գցում են ՀԷՑ-ի, Գազպրոմի ու Վեոլիա ջրի վրա.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈւԹ

Տևական ժամանակ է, ինչ Երևան-Զովունի ավտոճանապարհի Երևանի վարչական տարածքում անբարեկարգ, փոսապատ, այդ թվում՝ «մարդաբոյ» փոսերով լի հատվածը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների, անգամ հետիոտների համար։

Թե՛ վարորդները, թե՛ հետիոտները մեծ դժվարությամբ են հաղթահարում այդ մոտ մեկ կիլոմետրանոց ճանապարհը, քանի որ երկար ու ձիգ ամիսներ այնտեղով անցնելը ասես «Ֆորտ Բոյար» լիներ։ Նույնիսկ եղել են մի քանի դեպքեր, երբ տեղի են ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարներ ու վրաերթեր։

SHAMSHYAN.com-ը մի քանի անգամ ֆոտոռեպորտաժ, տեսանյութեր է հրապարակել այդ ճանապարհի անբարեկարգ վիճակի մասին և վարորդների ու հետիոտների խնդրանքն էր փոխանցել ՀՀ կառավարությանը, Երևանի քաղաքապետարանին, որպեսզի հարցը հրատապ լուծվի, քանի որ նույնիսկ շտապօգնությունը կանչով բուժառուի տուն հասնում էր ուշացումով։ Ուշացումով էին դեպքի վայր հասնում նաև հրշեջ-փրկարարական ջոկատներից։

Այսօր՝ հունիսի 5-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով մի քանի օր առաջ սկսվել էր ճանապարհի հիմնանորոգումը, սակայն 2 օր է SHAMSHYAN.com-ը դարձյալ ահազանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր արդարացիորեն հայտնում են, որ իրենց ուրախությունը կարճ տևեց, մի քանի օր աշխատանքները կատարվեցին ու հիմա դադարեցվել են և ըստ բնակիչների՝ պատճառը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, սակայն, ՀԷՑ-ը այդտեղ ոչ մի անելիք չունի, աշխատանքները դադարեցվել են ճանապարհաշինարարների կողմից, քանի որ այդ հատվածում պետք է կատարվեն ջրալողովակների ու էլեկտրալարերի մոնտաժման աշխատանքներ ու դա Երևանի քաղաքապետարանի գործառույթն է, քանի որ հենց քաղաքապետարանն է խոշոր չափի գումար ներդրել, ու այդ աշխատանքների մեջ մտնում է նաև դա։ Հետևաբար ո՛չ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, ո՛չ «Գազպրոմ Արմենիա» «Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ն և ո՛չ էլ «Վեոլիա ջուր» ընկերությունը այդ հատվածում աշխատանքներ իրականացնելու գործառույթներ չունեն։ 

Մինչդեռ ճանապարհի հիմնանորոգման մրցույթը շահած ընկերությունը փորձում է հանրությանը մոլորեցնել, թե նշված երեք ընկերություններն են մեղավոր, որ գործը առաջ չի գնում։ 

Այս պահին էլ այդ աշխատանքերի չսկսվելու պատճառով երթևեկությունը դարձել է բավական դանդաղընթաց, որոշ ժամերի էլ «պիկը խեղդում է»։ Լավ կլինի, որ Երևանի քաղաքապետ Տ. Ավինյանն իր սկսած այս լավ գործը ավարտին հասցնի։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, տևական ժամանակ է՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ մայրաքաղաքում սկսվել են ճանապարհների փոսալցման, որոշ հատվածներում ասֆալտապատման աշխատանքները, ինչը շատ վարորդների քննադատական դոզան մի փոքր նվազեցրել է Տիգրան Ավինյանի ու վարչական շրջանի ղեկավարների նկատմամբ, բայց Դավթաշեն վարչական շրջանից դեպի Կոտայքի մարզի Զովունի բնակավայր տանող մոտ 400 մետր երկարություն ունեցող ճանապարհին վարորդները երթևեկում էին՝ ընթացքում ամենաքաղցր խոսքերն ուղղելով պատասխանատուների հասցեներին։

Մայիսի 7-ին դարձյալ նույն բողոքներն ու քննադատական խոսքերն էինք լսել վարորդների կողմից, ովքեր արդարացիորեն ասում էին, որ 21-րդ դարում մայրաքաղաքը մարզի հետ կապող մի քանի մետր ճանապարհը Երևանի քաղաքապետարանը չէր կարողանում վերջնական ասֆալտապատել։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Ասում են՝ մենք Սովետից յան ենք տալիս ու գնում ենք դեպի Եվրոպա։ Սովետի ժամանակ եթե ասֆալտապատում անեին, մի 50 տարուց ավելի էդ ասֆալտը կշահագործվեր։ Հիմա Սովետի վրա խաչ են քաշել ու բռնել են Եվրոպայի ճանապարհը։ Հետաքրքիր է էդ Եվրոպայի ճանապարհ բռնելուց առաջ ուսումնասիրե՞լ եք, որ էնտեղ եթե նման պայմաններում մարդիկ երթևեկեին, ինչ կանեին էդ եվրոպական քաղաքների քաղաքագլուխներին։ Դուք մեզնից լավ գիտեք, չենք ուզում դա ասել։ Մենք միայն ասում ենք՝ կանոնավոր գույքահարկ ենք վճարում, փոխարենը ձեր ոչ սրտացավ գործունեության հետևանքով հարգելի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ավտոմեքենաները տեղափոխում ենք ավտովերանորոգման կետեր։ Մի՞թե դժվար է էս մի քանի մետր ճանապարհը վերանորոգեք։ Քարե դարում անգամ էս տեսակ ճանապարհ չէր լինի։ Կարծես թե ձեզ մոտ վարորդների, նույնիսկ հետիոտների նկատմամբ քար անտարբերություն սերմանված լինի։

 Հեսա մի ամսից Ազգային ժողովի ընտրություններն են ու վաղվանից քարոզարշավն է սկսվելու, ինչ երեսով եք գալու ու մարդկանցից քվե ուզելու։ Մեր պահանջն այդքան էլ անիրագործելի չէ։ Կարճ ժամանակի ընթացքում հնարավոր է մայրաքաղաքում վերացնել մարդաբոյ փոսերը, իսկ դրա համար ձեր սրտացավ մոտեցումը բավական է։ Բայց արդյոք հիմա գոնե էս ընտրությունների նախաշեմին վարորդներիս անակնկալ կմատուցեն ու գործ կանեք ի շահ քաղաքացու, դա ձեզնից է կախված։ Արդեն հոգնել ենք էս ճանապարհով երթևեկելուց։ Փոսեր անգիր գիտենք։ Ցերեկը դեռ ոչինչ, նկատելի է որ դիմացդ փոս է, այդ թվում խրամատ հիշեցնող։ Գիշերային ժամերին ավելի վտանգավոր է այդ հատվածով երթևեկելը։ Եկեք քարը փեշներիցդ թափեք ու մտածեք էս ժողովրդի մասին, թե չէ գիտեք՝ ժողովուրդը որ բարկացավ, որոշ չինովնիկների վրա ոչ թե խաչ է քաշելու, այլ մի քանի տոննա քար։ Հետո չասեք թե ժողովուրդն ինչու է մեզ քննադատում։ Իսկ մենք վստահ ենք՝ մեր արածն առողջ քննադատությունն է»։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր