211652_close_icon
views-count364 դիտում article-date 19:15 25-06-2026

Իտալիայում ծայրահեղ շոգի նոր ալիքը մեկ օրից էլ քիչ ժամանակում հինգ մարդու մահվան պատճառ է դարձել

Իտալիայում ծայրահեղ շոգի նոր ալիքը 24 ժամից էլ քիչ ժամանակահատվածում հանգեցրել է հինգ մարդու մահվան։ Երկրի շատ շրջաններում օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչև 41 աստիճան՝ ըստ Ցելսիուսի, գրում է The Guardian պարբերականը։

Երեքշաբթի Միլանի մոտակայքում՝ Լոդիի շրջանում, դաշտում աշխատելու ժամանակ 57-ամյա տղամարդու մահանալուց հետո, չորեքշաբթի գրանցվել է ևս չորս մահվան դեպք։ Պիաչենցա գավառում մահացել է խաղողի այգու 61-ամյա աշխատակիցը։ Գարլասկո քաղաքում 56-ամյա մի տղամարդ մահացու նոպա է տարել գերեզմանատանը ծնողների գերեզմանին այցելելիս։ Նեապոլում՝ քաղաքային հրապարակում, մահացած է գտնվել մի անօթևան տղամարդ։ Եվս մեկ բանվոր զոհվել է Պադուայի շրջանում՝ կորցնելով գիտակցությունը ջրային ենթակառուցվածքի օբյեկտի տեխնիկական սպասարկման ժամանակ։

Ծայրահեղ շոգը նաև ի հայտ է բերել երկրի էներգետիկ համակարգի լուրջ ծանրաբեռնվածությունը։ Էլեկտրամատակարարման կրկնվող խափանումները խաթարել են օդորակման համակարգերի աշխատանքը մի շարք խոշոր քաղաքներում։ RAI պետական հեռուստառադիոընկերության տվյալներով՝ չորեքշաբթի խնդիրներ են առաջացել նաև Ֆլորենցիայի Ուֆֆիցի պատկերասրահում։ Թանգարանի ղեկավարությունը ստիպված է եղել սահմանափակել այցելուների թիվը և ժամանակավորապես դադարեցնել տոմսերի վաճառքը, քանի որ հովացման համակարգերը չէին դիմանում ծանրաբեռնվածությանը։

Բարձր ջերմաստիճանի ընթացիկ ալիքը դարձել է արդեն երկրորդ խոշոր շոգի ալիքը Իտալիայում տարեսկզբից ի վեր՝ անոմալ տաք եղանակի ֆոնին, որը համակել է Եվրոպայի զգալի մասը։ Ըստ կանխատեսումների՝ շոգի գագաթնակետը կլինի առաջիկա հանգստյան օրերից մինչև երկուշաբթի ընկած ժամանակահատվածում։

Եղանակային վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել իտալական առնվազն 18 քաղաքներում։ Մի քանի տարածաշրջանների իշխանություններ արգելել են շինարարական աշխատանքների իրականացումը և առաքիչների աշխատանքը բացօթյա տարածքներում՝ օրվա ամենաշոգ ժամերին։ Սակայն աշխատողների մի մասը դեմ է արտահայտվել այս սահմանափակումներին՝ հայտարարելով, որ դրանք վտանգի տակ են դնում իրենց առանց այդ էլ անկայուն եկամուտները։

Իտալիայի խոշորագույն արհմիությունները կառավարությանը կոչ են արել օգտագործել արտակարգ պահուստային ֆոնդերի միջոցները՝ շոգի պատճառով աշխատանքը դադարեցնելու ստիպված եղած աշխատակիցների վաստակը փոխհատուցելու համար։ Արհմիությունների կարծիքով՝ այն մարդիկ, ում աշխատանքը կապված է ծայրահեղ բարձր ջերմաստիճանի վտանգավոր ազդեցության հետ, չպետք է ընտրություն կատարեն առողջության պահպանման և վաստակի կորստի միջև։

Նմանատիպ նյութեր