211652_close_icon
views-count343 դիտում article-date 20:56 28-06-2026

Լեհաստանի հետախուզության ղեկավար․ Ռուսաստանը կարող է ՆԱՏՕ-ի արևելյան թևում «կանաչ մարդուկների» օգտագործել

Ռուսաստանը կարող է ՆԱՏՕ-ի արևելյան թևում հնարավոր սադրանքների ժամանակ օգտագործել, այսպես կոչված, «կանաչ մարդուկներին»՝ տարբերանշաններ չունեցող ռուս զինծառայողներին, հայտարարել է Լեհաստանի հետախուզական գործակալության ղեկավար Պավել Շոտան «Rzeczpospolita» պարբերականին տված հարցազրույցում։

Ըստ նրա, Մոսկվան Լեհաստանն ու ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրները դիտարկում է որպես իր աշխարհաքաղաքական նպատակների իրագործման խոչընդոտ և շարունակում է ստուգել դաշինքի արձագանքը՝ համակարգված կերպով տեղաշարժելով «կարմիր գծերը»։

Շոտան նշել է, որ նման գործողությունները Ռուսաստանի համար մնում են համեմատաբար քիչ ծախսատար, մինչդեռ ՆԱՏՕ-ի պատասխանը հիմնականում քաղաքական բնույթ է կրում։

Լեհաստանի հետախուզության ղեկավարը այս ռիսկերը կապել է նաև Ուկրաինայում պատերազմի շուրջ ներկայիս իրավիճակի հետ՝ հայտարարելով, որ ռազմաճակատում Ռուսաստանի դժվարությունները կարող են մեծացնել Մոսկվայի կողմից հետագա էսկալացիայի հավանականությունը։ Նրա գնահատմամբ, Ռուսաստանը, չնայած տնտեսական ճնշմանը և ներքին կորուստներին, ի վիճակի է շարունակել ռազմական գործողությունները ևս մի քանի տարի։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար սկզբունքային կարևորություն ունի հակամարտությունն ավարտել այնպես, որ այն ներկայացվի որպես պատմական հաղթանակ, ինչը ռուսական կողմի վարքագիծը դարձնում է պակաս կանխատեսելի։

Շոտան նաև հայտարարել է Բելառուսի՝ Ռուսաստանից կախվածության աճի մասին, ներառյալ ենթակառուցվածքների տեղակայումը, որոնք հնարավոր է կապված լինեն միջուկային համակարգերի հետ, և համապատասխան ռազմական զորավարժությունների անցկացումը։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ լեհական հատուկ ծառայությունները պահպանում են հաղորդակցության ուղիները Մինսկի հետ, ինչը արդեն նպաստել է առանձին կալանավորվածների, այդ թվում՝ Անջեյ Պոչոբուտի, ազատ արձակմանը։

Հետախուզական գործակալության ղեկավարի համոզմամբ, Լեհաստանը կարձագանքի նման սպառնալիքներին, իսկ երկրի հատուկ ծառայությունները ունեն համապատասխան գործիքներ, այդ թվում՝ հնարավորություններ կիբերտարածությունում։

Նմանատիպ նյութեր