211652_close_icon
views-count331 դիտում article-date 19:17 30-06-2026

Իսպանիայում ավելի քան 1 միլիոն ներգաղթյալ իրենց կարգավիճակի օրինականացման հայտ է ներկայացրել

Ավելի քան 1 միլիոն անօրինական ներգաղթյալ և ապաստան հայցող Իսպանիայում իրենց կարգավիճակի օրինականացման հայտ են ներկայացրել պետական ծրագրի շրջանակում, որն ուղղված է ներգաղթի տնտեսական առավելությունների օգտագործմանը։ Այդ նախաձեռնությունն իրականացվում է եվրոպական երկրների մեծ մասում միգրացիոն քաղաքականության խստացման ֆոնին։

Ծրագիրը, որի մասին Իսպանիայի սոցիալիստական կառավարությունը հայտարարել էր հունվարին, սկզբնապես նախատեսված էր մոտ 500 հազար մարդու համար, սակայն երեքշաբթի հայտերի ընդունման ավարտի պահին դիմումների քանակը ավելի քան երկու անգամ գերազանցել է այդ գնահատականը։

Ծրագրի մասնակիցները կարող են ստանալ մեկ տարի ժամկետով կացության և աշխատանքի թույլտվություն, եթե հաստատեն դատվածության բացակայությունը և ապացուցեն, որ Իսպանիայում բնակվել են առնվազն հինգ ամիս կամ միջազգային պաշտպանության տրամադրման դիմում են ներկայացրել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ ծրագրի նկատմամբ նման բարձր հետաքրքրությունը վկայում է դրա անհրաժեշտության մասին։

«Այն փաստը, որ ավելի քան մեկ միլիոն մարդ հայտ է ներկայացրել, ցույց է տալիս, թե որքան կարևոր էր նրանց իրավունքների և պարտականությունների ճանաչումը»,- նշել է նա։
Ըստ կառավարության ղեկավարի՝ ներգաղթը կենսականորեն անհրաժեշտ է Իսպանիային տնտեսական աճի, ժողովրդագրական ճգնաժամի հաղթահարման և սոցիալական ապահովության համակարգի պահպանման համար։

Սանչեսն ընդգծել է, որ առանց ներգաղթյալների ներհոսքի՝ մինչև 2050 թվականը երկրի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 19 %-ով ավելի ցածր կլիներ։ Նրա գնահատմամբ՝ դա կհանգեցներ մոտ 90 հազար բարերի փակմանը, 220 հազար ֆերմերային տնտեսությունների անհետացմանը և աշակերտների թվի այնպիսի կրճատմանը, որ առանց աշակերտների կարող էին մնալ դպրոցների 50 հազար դասարաններ։

«Առանց ներգաղթի Իսպանիան կդառնար ավելի աղքատ, պակաս բնակեցված, թույլ և չէր կարողանա ֆինանսավորել իր սոցիալական պետությունը»,- հայտարարել է վարչապետը։

Այդուհանդերձ, նախաձեռնությունն արժանացել է ընդդիմության կոշտ քննադատությանը։«Ժողովրդական կուսակցությունը» համարում է, որ օրինականացումը չափազանց մեծ ծանրաբեռնվածություն կստեղծի պետական ծառայությունների համար, իսկ Vox կուսակցությունը Սանչեսին մեղադրել է «Իսպանիայի ժողովրդագրական, սոցիալական, աշխատանքային և ընտրական վերափոխման» հասնելու փորձի մեջ։

Վալենսիայի և Արագոնի տարածաշրջանային կառավարությունները, որոնք վերահսկում է «Ժողովրդական կուսակցությունը», արդեն բողոքարկել են ծրագիրը դատարանում։ Երեքշաբթի դատարանը հայտնել է, որ դիտարկում է Եվրոպական Միության դատարան դիմելու հնարավորությունը՝ ծրագրի առանձին դրույթների համապատասխանությունը ԵՄ օրենսդրությանը ստուգելու համար։

«Ժողովրդական կուսակցության» առաջնորդ Ալբերտո Նունյես Ֆեյխոն ևս քննադատել է ավելի վաղ ընդունված «Դեմոկրատական հիշողության մասին» օրենքը, որը թույլ է տալիս քաղաքացիական պատերազմի և Ֆրանսիսկո Ֆրանկոյի դիկտատուրայի ժամանակ երկիրը լքած իսպանացիների ժառանգներին Իսպանիայի քաղաքացիություն ստանալ։ Այդ ծրագրով արդեն ներկայացվել է ավելի քան 2,4 միլիոն հայտ, իսկ ավելի քան 544 հազար մարդ ստացել է դրական որոշում։

Ֆեյխոն կառավարությանը մեղադրել է «ընտրական ինժեներիա» իրականացնելու մեջ՝ պնդելով, որ իշխանություններն այս կերպ հույս ունեն ավելացնել սոցիալիստների կողմնակիցների թիվը։ Նախարարների կաբինետը մերժել է այդ մեղադրանքները՝ դրանք անվանելով քաղաքական հուսահատության դրսևորում։

Երեքշաբթի Սանչեսը ներկայացրել է նաև 500 միլիոն եվրո արժողությամբ «Ինտեգրում և քաղաքացիություն» նոր ծրագիրը, որն ուղղված է ներգաղթյալների ադապտացմանը և իսպանական հասարակության մեջ նրանց ինտեգրմանը։ Նրա բնորոշմամբ՝ Իսպանիան պետք է հավասար վերաբերմունք ապահովի բոլորի նկատմամբ, պայքարի խտրականության դեմ և հնարավորություններ ստեղծի եկվորների համար, իսկ ներգաղթյալներն իրենք պարտավոր են հարգել երկրի օրենքները, սովորել պաշտոնական լեզուները և կիսել Իսպանիայի ժողովրդավարական արժեքները։

Նմանատիպ նյութեր