211652_close_icon
views-count637 դիտում article-date 23:37 30-06-2026

Լուկաշենկոյի կրտսեր որդին դիպլոմ է ստացել Չինաստանի առաջատար համալսարաններից մեկում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կրտսեր որդին՝ Նիկոլայ Լուկաշենկոն, ավարտել է Պեկինի համալսարանը՝ ստանալով դիպլոմ «Կենսատեխնոլոգիա» մասնագիտությամբ, գրում է «Коммерсантъ»-ը։

Ալեքսանդր Լուկաշենկոն ներկա է գտնվել դիպլոմների հանձնման արարողությանը՝ Չինաստան կատարած իր պաշտոնական այցի ընթացքում։

«Կենսատեխնոլոգիա» կրթական ծրագիրն իրականացվում է Պեկինի համալսարանի և Բելառուսի պետական համալսարանի համատեղ ջանքերով։ Այս տարի այն ավարտել է 25 ուսանող, այդ թվում՝ Բելառուսի հինգ քաղաքացի։

Ելույթ ունենալով արարողության ժամանակ՝ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ շրջանավարտները պետք է օգտագործեն ստացած գիտելիքները սեփական երկրի զարգացման համար։

«Մենք պետք է առավելագույնն անենք Բելառուսի զարգացման համար։ Անենք այնպես, որ եթե նույնիսկ նախանձելու լինենք չինական պետությանն իր զարգացման համար, ապա՝ շատ քիչ։ Մենք պետք է սովորենք ամեն ինչ ինքնուրույն անել»,- ասել է բելառուսական առաջնորդը։

Այցի ընթացքում Լուկաշենկոն հանդիպել է նաև Պեկինի համալսարանի ղեկավարության հետ։ Բանակցությունների ընթացքում քննարկվել է բարձրագույն կրթության ոլորտում Բելառուսի և Չինաստանի միջև համագործակցության հետագա զարգացումը։

Բելառուսի նախագահը նշել է, որ համատեղ կրթական ծրագիրը պետք է կատարելագործվի ու ընդլայնվի, որպեսզի Չինաստանում ուսումնառություն անցած ուսանողների գիտելիքներն ու փորձը նպաստեն Բելառուսի տարբեր ոլորտների զարգացմանը։

Նմանատիպ նյութեր