211652_close_icon
views-count358 դիտում article-date 18:08 02-07-2026

Ինքնակամ կառույցների օրինականացման հնարավորությունները կընդլայնվեն

Կառավարությունը նախատեսում է ընդլայնել ինքնակամ կառույցների օրինականացման հնարավորությունները՝ թույլատրելով որոշակի պայմաններով օրինականացնել նաև 2022 թվականից հետո կառուցված շինությունները: Այս մասին ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը՝ հուլիսի 2-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում քննարկման ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով:

Զեկուցողի խոսքով՝ մինչ այժմ գործող օրենսդրական կարգավորումներով 2022 թվականի օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ շինությունները ենթակա չէին օրինականացման, սակայն գործնականում ի հայտ եկած խնդիրներն ու տնտեսական նպատակահարմարությունը ստիպել են վերանայել այդ մոտեցումը: Ներկայացվող նախագիծը հնարավորություն կտա այնպիսի կառույցների օրինականացմանը, որոնք ունեն հանրային կամ տնտեսական արժեք, ստեղծել են աշխատատեղեր և կատարում են հարկային պարտավորություններ, ուստի դրանց քանդումը պետության համար նպատակահարմար չէ:

Գործընթացից օգտվելու համար քաղաքացիներից պահանջվելու է հավաքագրել փաստաթղթերի հստակ փաթեթ, որը ներառում է լիցենզավորված կազմակերպության կողմից տրված դրական եզրակացություն շինության տեխնիկական վիճակի մասին, հակահրդեհային նորմերի պահպանման վերաբերյալ տեղեկանք, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրված նախնական գնահատական՝ օրինականացման հնարավորության մասի: Այս բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որտեղից էլ դրանք կփոխանցվեն Կառավարության քննարկմանը: Վերջինս ուսումնասիրելով յուրաքանչյուր դեպքի իրավական և փաստական հանգամանքները՝ որոշում կկայացնի շինությունն օրինականացման ենթակա կառույցների ցանկում ընդգրկելու մասին, որից հետո քաղաքացիները հնարավորություն կստանան դիմել համայնքներին՝ օրինականացման վերջնական որոշում ստանալու համար:

Նանե Ղազարյանն ընդգծել է, որ նախաձեռնությունը ժամանակավոր բնույթ է կրում, և բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ հաշվառումը և փաստաթղթերի ներկայացումը, պետք է իրականացվեն մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը: Նշվել է, որ այս փոփոխությունները նպատակ ունեն ճկունություն մտցնել ոլորտում և խուսափել այնպիսի շինությունների քանդումից, որոնք իրականում նպաստում են տնտեսական գործունեությանը և պետության հարկահավաք գործառույթի պատշաճ իրականացմանը:

Գլխադասային` Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ալխաս Ղազարյանը՝ հորդորելով գործընկերներին կողմ քվեարկել:

Նմանատիպ նյութեր