211652_close_icon
views-count781 դիտում article-date 21:20 02-07-2026

Եվրոպան պատրաստվում է շոգի նոր ալիքի. Ֆրանսիայում և Իսպանիայում սպասվում է մինչև +44՝ մահացության աճի ֆոնին

Իսպանիան և Ֆրանսիան պատրաստվում են էքստրեմալ շոգի հերթական ալիքին, որը առաջիկա օրերին կարող է ջերմաստիճանը բարձրացնել մինչև +44՝ հունիս ամսին անոմալ բարձր ջերմաստիճաններին առնչվող հազարավոր հավելյալ մահերի մասին տվյալների հետնապատկերին, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը:

Իսպանիայի պետական օդերևութաբանական գործակալությունը (Aemet) հայտնել է, որ շաբաթ օրվանից երկրի մեծ մասի վրա կսկսի ազդել չոր և շատ տաք օդային զանգված, ինչի պատճառով հարավ-արևելքում ջերմաստիճանը հաջորդ շաբաթվա կեսերին կարող է հասնել +42-ից մինչև +44 աստիճանի։

Aemet-ի ներկայացուցիչ Ռուբեն դել Կամպոն հայտարարել է, որ «ջերմաստիճանը կսկսի բարձրանալ հանգստյան օրերին»՝ հավելելով, որ չի կարելի բացառել շոգի լիարժեք ալիքի կրկնությունը: Գերատեսչությունը նախազգուշացրել է անտառային հրդեհների բարձր հավանականության մասին և տարեցներին ու սիրտ-անոթային հիվանդություններ ունեցողներին կոչ է արել լինել զգույշ:

Հունիսն արդեն դարձել է երկրորդ ամենաշոգ ամիսը Իսպանիայի դիտարկումների ամբողջ պատմության մեջ՝ զիջելով միայն 2025 թվականի հունիսին, երբ միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 3,2 աստիճանով։

Գիտնականների գնահատմամբ՝ Արևմտյան Եվրոպայում տեղի ունեցած շոգի անցած ալիքը եղել է ամենաինտենսիվներից մեկը և գրեթե անհնար կլիներ առանց կլիմայական փոփոխությունների ազդեցության, որոնք կապված են հանածո վառելիքի օգտագործման հետ։

Առաջին նախնական տվյալները մատնանշում են մահացության զգալի աճ։ Իսպանիայում, ըստ հավելյալ մահացության մոնիտորինգի MoMo համակարգի տվյալների, հունիսին գրանցվել է բարձր ջերմաստիճանի հետ կապված 1029 հավելյալ մահ։ Ֆրանսիայում, հանրային առողջապահության ազգային գործակալության գնահատականներով, հունիսի վերջի 10-օրյա ժամանակահատվածում շոգը հնարավոր է մոտ 1000 հավելյալ մահվան պատճառ է դարձել։

Ֆրանսիայի բժշկական ծառայությունները նույնպես հայտնում են դիմումների կտրուկ աճի մասին. 75 տարեկանից բարձր անձանց շրջանում կանչերի թիվն աճել է, ավելացել են հոսպիտալացումները, իսկ արևահարության ու ջրազրկման դեպքերը կտրուկ հաճախակի են դարձել։

Ֆրանսիայի իշխանությունները նշում են նաև շոգի ուղեկցող հետևանքները՝ ջրում մահացության դեպքերի աճ, հրդեհներ երկրի հարավում, ինչպես նաև շտապօգնության համակարգի գերծանրաբեռնվածություն։

Հրդեհները, որոնք ուժգնացել են չոր ու քամոտ եղանակի պատճառով, Մարսելի շրջանում արդեն ոչնչացրել են ավելի քան հազար հեկտար տարածք։ Զուգահեռաբար, Փարիզի տարածաշրջանում նկատվում է օդորակիչների պահանջարկի աճ, ինչը խանութներում հանգեցրել է հրմշտոցների և ընդհարումների։

Պատմականորեն մեղմ կլիմայի պատճառով Ֆրանսիայում բնակելի ֆոնդի և սոցիալական օբյեկտների զգալի մասը հագեցած չէ հովացման համակարգերով, ինչը բնակչությանը հատկապես խոցելի է դարձնում էքստրեմալ ջերմաստիճանային կրկնվող ժամանակահատվածների նկատմամբ, որոնք գիտնականները կապում են կլիմայի փոփոխության հետ։

Նմանատիպ նյութեր