211652_close_icon
views-count331 դիտում article-date 19:10 03-07-2026

Ռուսաստանում սկսել են ձերբակալել բենզինի վերավաճառքի համար

Կրասնոդարում ձերբակալել են Ռոստովի մարզի երկու բնակչի՝ ուռճացված գնով բենզին վերավաճառելու փորձի կասկածանքով, հայտնել են ՆԳՆ տարածաշրջանային վարչությունից։ Ոստիկանության տվյալներով՝ 21 և 22 տարեկան տղամարդիկ մեսենջերներից մեկում գտել էին Կրասնոդարում մեծածախ գնորդի, այնուհետև Դոնի Ռոստովի բենզալցակայանում գնել էին վառելիք և վարձակալված մեքենայով ուղևորվել էին մարզկենտրոն՝ այն վաճառելու համար։
Կասկածյալների ավտոմեքենայում օպերատիվ աշխատակիցները հայտնաբերել են մոտ հազար լիտր ԱԻ-95 բենզին։

ՆԳՆ-ում նշել են, որ ձերբակալվածների գործողություններում նկատվում են ՌԴ ՔՕ 238-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների և արտադրանքի արտադրություն, պահեստավորում, փոխադրում կամ իրացում)։ Հոդվածով առավելագույն պատիժը նախատեսում է մինչև 6 տարվա ազատազրկում։ Վառելիքային ճգնաժամի ֆոնին, որը Ռուսաստանում սրվել է նավթավերամշակման գործարաններին ուղղված ուկրաինական հարվածների պատճառով, 40 մարզերի իշխանությունները վառելիքի վաճառքի պաշտոնական սահմանափակումներ են մտցրել, բենզինի և դիզվառելիքի պակասի խնդրին բախվել են ավելի քան 80 սուբյեկտների բնակիչներ։ Ավտոմեքենաների սեփականատերերը սկսել են հերթեր կանգնել վառելիքի համար, որոնցից մեկը՝ Անդրբայկալյան երկրամասում, ձգվել է չորս կիլոմետր։

Երեք տարածաշրջաններում՝ Անդրբայկալում, Իրկուտսկի մարզում և Կրասնոդարի երկրամասում, բենզալցակայաններում պարեկություն են սահմանել հերթերը վերահսկելու համար։ Մասնավորապես, Կուբանում «հասարակական կարգապահությանը և բենզալցակայանների աշխատանքի օպտիմալացմանը» հետևում են կազակները և կամավորները։ Միևնույն ժամանակ, որոշ տարածաշրջաններում բենզալցակայանները սկսել են բենզին բաց թողնել առաջնահերթ կարգով պաշտոնյաներին և պետական հաստատությունների աշխատակիցներին։ «7x7»-ի տվյալներով՝ նման իրավիճակ նկատվում է Սարատովի «Ռոսնեֆտի» բենզալցակայաններից մեկում, ինչպես նաև Վոլգոգրադի «Գազպրոմի» բենզալցակայանում և Չելյաբինսկի ու Եկատերինբուրգի միջև M-5 մայրուղու «Ռոսնեֆտի» կայաններում։

Energy Intelligence-ում հաշվարկել են, որ ուկրաինական անօդաչուները մարտ ամսից առնվազն 50 անգամ հարձակվել են ռուսական նավթարդյունաբերության օբյեկտների վրա։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ հունիսին Ռուսաստանում նավթավերամշակման ծավալները նվազել են մինչև 21 տարվա նվազագույն մակարդակ՝ օրական 4 մլն բարելից պակաս, ընդ որում՝ հզորությունների մոտ 30 տոկոսը պարապուրդի է մատնված եղել։ Արդյունքում՝ Reuters-ի տվյալներով, բենզինի արտադրությունը նվազել է 25 տոկոսով՝ հասնելով օրական 85 հազար տոննայի այն դեպքում, երբ ամառային սպառումը կազմում է 110 հազար տոննա։

Նմանատիպ նյութեր