211652_close_icon
views-count268 դիտում article-date 20:30 08-07-2026

Ղազախստանը սահմանափակել է վառելիքի արտահանումը սահմանով՝ Ռուսաստանում մատակարարումներին առնչվող խնդիրների ֆոնին

Ղազախստանը խստացրել է միջոցները երկրի սահմաններից դուրս քսայուղերի և վառելիքանյութերի ապօրինի արտահանումը կանխելու համար՝ հարևան Ռուսաստանում վառելիքի ապահովմանն առնչվող խնդիրների ֆոնին, հաղորդում է Tengrinews.kz-ը:

Գործող սահմանափակումների մասին հայտնել է Ղազախստանի էներգետիկայի փոխնախարար Կայիռխան Տուտկիշբաևը: Նրա խոսքով՝ միջոցառումներից մեկն է դարձել սահմանամերձ պետություններից տրանսպորտի մուտքի սահմանափակումը. բեռնատար և մարդատար ավտոմեքենաները կարող են հատել Ղազախստանի սահմանը օրական ոչ ավելի, քան մեկ անգամ:

Հատուկ ուշադրություն է դարձվում վառելիքի այսպես կոչված «գորշ» արտահանման դեմ պայքարին: Էներգետիկայի նախարարության տվյալներով՝ ստուգվում են լրացուցիչ վառելիքի բաքեր ունեցող ավտոմեքենաները, որոնք կարող են օգտագործվել սահմանով վառելիքի անօրինական տեղափոխման համար: Այդ միջոցառումներին մասնակցում են ՆԳՆ-ն, Ֆինանսական մոնիտորինգի գործակալությունը, Սահմանապահ ծառայությունը և մաքսային մարմինները:

Սահմանամերձ շրջաններում պարբերաբար հայտնաբերվում են վառելիքի ապօրինի արտահանման փորձերի դեպքեր:
Ղազախստանի կառավարության տվյալներով՝ միայն երկու օրվա ընթացքում անցակետերում կասեցվել է լրացուցիչ բաքերով և կանիստրներով ավելի քան երեք տոննա վառելիքանյութերի ու քսայուղերի արտահանման 61 փորձ: Տարեսկզբից ի վեր արձանագրվել է նմանատիպ 593 խախտում:

Ավելի վաղ Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը հանձնարարել էր ուժեղացնել վերահսկողությունը նավթամթերքի ապօրինի արտահանման նկատմամբ: Մայիսին ՆԳՆ-ն հայտնել էր անօրինական կերպով տեղադրված լրացուցիչ վառելիքի բաքերով ավտոմեքենաների հայտնաբերման մասին, որոնք օգտագործվում էին երկրից դուրս բենզին արտահանելու համար:
Խախտողները ենթարկվել են վարչական պատասխանատվության, իսկ ավտոմեքենաները տեղավորվել են հատուկ պահպանվող ավտոկանգառներում՝ մինչև խախտումների վերացումը:

Նմանատիպ նյութեր