211652_close_icon
views-count271 դիտում article-date 21:00 08-07-2026

Իրանը կասեցրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերջնական համաձայնագրի կնքման շուրջ. ТАСС

Իրանը կասեցրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերջնական համաձայնագրի կնքման շուրջ՝ Վաշինգտոնի կողմից հնչող սպառնալիքների և ամերիկյան կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների բազմակի խախտումների պատճառով: Դրա մասին  ТАСС գործակալությանը հայտնել է իրանական բարձրաստիճան աղբյուրը:

«ԱՄՆ նախագահ [Դոնալդ Թրամփի] կողմից իրանցի ժողովրդի հասցեին հնչող ուղղակի սպառնալիքների և Վաշինգտոնի կողմից իր ստանձնած պարտավորությունների բազմակի խախտումների պատճառով Իրանը կասեցրել է ԱՄՆ-ի հետ վերջնական համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները»,- հայտարարել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի ցանկացած նոր ռազմական գործողություն կստանա ավելի մասշտաբային և վճռական պատասխան, քան նախկինում:

«Շարունակելով խախտել իր ստանձնած պարտավորությունները՝ ԱՄՆ-ը հարձակում է սկսել Իրանի հարավային կղզիների վրա: Ի պատասխան այդ ագրեսիայի, որն իրենից ներկայացնում է Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի կոպտագույն խախտում, Իրանը մասշտաբային պատասխան հարվածներ է հասցրել տարածաշրջանում ԱՄՆ դիրքերին: Իրանը հանդես է եկել խիստ նախազգուշացմամբ առ այն, որ Միացյալ Նահանգների ցանկացած հետագա ռազմական գործողություն կհանդիպի ավելի վճռական, լայնածավալ և դաժան պատասխանի, քան նախկինում»,- նշել է աղբյուրը:

Նա հայտարարել է նաև, որ Թեհրանն անպատասխան չի թողնի Վաշինգտոնի գործողությունները, ներառյալ համաձայնագրից այն բացառությունների չեղարկումը, որոնք թույլ էին տալիս իրականացնել իրանական նավթի վաճառքը:

«Հաշվի առնելով Վաշինգտոնի իրականացրած բազմակի խախտումները, ներառյալ իրանական նավթի վաճառքի մասին համաձայնագրից բացառությունների չեղարկումը, Իրանի Իսլամական Հանրապետությունը Իսլամաբադի համաձայնագրի այս կոպտագույն խախտումները անպատասխան չի թողնի, և կտրվի համաչափ պատասխան»,- հավելել է ТАСС-ի զրուցակիցը:

Բացի դրանից, աղբյուրը հայտարարել է, որ ԱՄՆ-ը խախտել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ պայմանավորվածությունները, և ընդգծել է, որ այդ ռազմավարական տարածաշրջանում նավագնացության վերահսկողությունը իրականացվելու է իրանական կանոններով:

«Այնուհետև, խախտելով իր պարտավորությունները, ԱՄՆ-ը փորձել է ակտիվացնել ոչ իրանական տարանցիկ երթուղին Հորմուզի նեղուցում, ինչն ուղղակիորեն հակասում է Իսլամաբադի համաձայնագրի հինգերորդ կետին: Հղում անելով հուշագրի դրույթներին՝ Իրանը դեմ է արտահայտվել այդ քայլին և կրկնել, որ Հորմուզի նեղուցը պետք է կարգավորվի բացառապես իրանական ծովային մեխանիզմներով:

Իրանը հրաժարվել է տարանցման թույլտվություն տրամադրել ոչ իրանական երթուղիներով, որոնք նախկինում ճանաչվել էին անվտանգության տեսանկյունից ոչ հուսալի: Թեհրանն ընդգծում է, որ այս ռազմավարական ջրային ուղում ծովային երթևեկության կառավարումը խստորեն իրականացվելու է ըստ իրանական արձանագրությունների»,- հայտարարել է աղբյուրը:

Նմանատիպ նյութեր