211652_close_icon
views-count2485 դիտում article-date 20:02 11-07-2026

Ավտովթար՝ Արմավիրի մարզում․ 18-ամյա ժամկետային զինծառայողը, չունենալով վարորդական իրավունքի վկայական, «Nissan Teana»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հուլիսի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Ալաշկերտ- Հայկավան ավտոճանապարհին Արմավիրի մարզի բնակիչ, 18-ամյա Սեդրակ Գ․-ն իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Աշոտ Ներսիսյանը և Նարեկ Սարգսյանը։

Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, վարորդը, ով չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, ծառայում է ՀՀ ՊՆ զորամասերից մեկում, որպես ժամկետային զինծառայող։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր