211652_close_icon
views-count325 դիտում article-date 00:00 14-07-2026

Հունգարիայի խորհրդարանը հավանություն է տվել նախագահ Շույոկին պաշտոնանկ անելու վերաբերյալ փոփոխությանը

Հունգարիայի խորհրդարանն ընդունել է Սահմանադրության 17-րդ փոփոխությունը, որով նախատեսվում է նախագահ Տամաշ Շույոկի լիազորությունների դադարեցումը։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 139 պատգամավոր, դեմ՝ 6-ը։

Ընդդիմադիր «ՖԻԴԵՍ» կուսակցությունը և նրա դաշնակիցները բոյկոտել են նիստը՝ փոփոխությունն անվանելով հակասահմանադրական և քաղաքականապես մոտիվացված։ «ՖԻԴԵՍ» խորհրդարանական խմբակցության ղեկավար Գերգեյ Գույյաշը հայտարարել է իր հրաժարականի մասին՝ իշխանություններին մեղադրելով ժողովրդավարությունը կործանելու մեջ։
Օրինագծին աջակցել են վարչապետ Պետեր Մադյարի գլխավորած իշխող «Տիսա» կուսակցության պատգամավորները, որոնք խորհրդարանում ունեն սահմանադրական մեծամասնություն։

Փոփոխությունը նախատեսում է գործող նախագահի լիազորությունների դադարեցում և պետության նոր ղեկավարի ընտրություն՝ փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո 30 օրվա ընթացքում։ Բացի դրանից, այն սահմանափակում է խորհրդարանի պատգամավորների պաշտոնավարումը երեք չորսամյա ժամկետով, Սահմանադրական դատարանի դատավորների համար սահմանում է 70 տարեկան տարիքային շեմը և նախատեսում է դատական համակարգի ու Սահմանադրական դատարանի լիազորությունների ընդլայնում։

Մադյարն ավելի վաղ հայտարարել էր, որ Շույոկը չի կատարել Սահմանադրության երաշխավորի իր պարտականությունները, և սպառնացել էր սկսել իմպիչմենտի գործընթաց, եթե վերջինս չստորագրի փոփոխությունը։ Նախագահն արդեն հասկացնել է տվել, որ մտադիր չէ դա անել և կարող է փաստաթուղթն ուղարկել Սահմանադրական դատարանի քննարկմանը։

Շույոկին աջակցություն են հայտնել նախկին վարչապետ Վիկտոր Օրբանը և խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմություն դարձած «ՖԻԴԵՍ» կուսակցությունը։

Նմանատիպ նյութեր