211652_close_icon
views-count358 դիտում article-date 19:53 14-07-2026

Պուտինը ծրագրում էր փոխել Սիրիայի ղեկավարությունը

Կրեմլում դիտարկում էին Սիրիայի նախագահ Բաշար Ասադին պաշտոնանկ անելու հնարավորությունը նրա իշխանության անկումից (2024 թվականի դեկտեմբեր) մի քանի ամիս առաջ։ Բրիտանական The Observer պարբերականի տվյալներով՝ Վլադիմիր Պուտինի մերձավորները նույնիսկ կազմել էին Ասադի հնարավոր հաջորդների ցուցակը։ Առաջին տեղում նրա կինն էր՝ Ասման։

Բանն այն է, որ Սիրիայի առաջին տիկնոջ պաշտոնում 24 տարի գտնվելուց հետո նա շատ ավելին էր, քան պարզապես պետության ղեկավարի կինը։ Ասմա Ասադը համարվում էր նախագահական պալատի իշխանության կենտրոնը։

«Ոչ մի որոշում հնարավոր չէր անցկացնել նախագահի միջոցով, եթե նա համաձայն չէր դրա հետ, քանի որ նախագահը խորհրդակցում էր նրա հետ ցանկացած հարցի շուրջ»,- The Observer-ին պատմել է ռեժիմի նախկին ինսայդերը, գրում է Bild-ը։

50-ամյա Ասման գլխավորում էր այսպես կոչված «Տնտեսական խորհուրդը» և վերահսկում տնտեսության զգալի մասը։ Պնդում են, որ գործարարներին ստիպում էին իրենց ակտիվները փոխանցել Ասմայի վստահված անձանց։ Նրանց, ովքեր դիմադրում էին, հետապնդում էին հարկերից խուսափելու մասին օրենքով, սառեցնում էին հաշիվները կամ փակում նրանց ձեռնարկությունները։

Ըստ The Observer-ի՝ Պուտինը հիասթափված էր Ասադից։ Թեև Ռուսաստանն օգնում էր սիրիական ռեժիմին, տիրակալը չէր կարողանում վերջ տալ քաղաքացիական պատերազմին կամ քաղաքականապես կայունացնել երկիրը։ Կրեմլի առաջնորդն Ասադին համարում էր թույլ ղեկավար, որը մշտապես փրկության կարիք ուներ։ Ըստ ռեժիմին մոտ կանգնած աղբյուրի՝ Ասադին նույնիսկ առաջարկել էին գահին նստեցնել իր կնոջը։ Սակայն նախագահը պարզապես ծաղրել էր այդ առաջարկը։

Սիրիական ռեժիմի փլուզումից հետո Ասադների ամուսնական զույգը փախավ Ռուսաստան։ Թեև Ասմայի ամուսինը փաստացի չի կարող լքել երկիրը, նախկին բռնապետի կինը շարունակում է ճանապարհորդել աշխարհով մեկ։ Պնդում են, որ նա պարբերաբար այցելում է Դուբայ. բոլորովին վերջերս Ասման հանգրվանել էր շքեղ Waldorf Astoria հյուրանոցում։ Ընդ որում, նրա մուտքն իր հայրենի Մեծ Բրիտանիա և ամբողջ ԵՄ արգելված է։

Նմանատիպ նյութեր