211652_close_icon
views-count2714 դիտում article-date 12:28 21-07-2026

«Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները գիշերվանից Զաքյան փողոցում վերականգնում են ծառի տապալման հետևանքով վնասված գազախողովակները․ կանաչապատումն էլ հեռացնում է ամեն պահի տապալման եզրին կանգնած «մահաբեր» ծառերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

Այսօր՝ հուլիսի 21-ին, «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները վաղ առավոտից սկսել են Երևան քաղաքի Զաքյան 4 փողոցում արմատից չորացած հսկայական թթենու տապալման հետևանքով կոտրված ու վնասված գազախողովակների ու դրանց սյուների վերականգնման աշխատանքները։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատանքները կատարվել են նաև ողջ գիշեր ու հիմա մի քանի խմբերով Երևանի ԳԳՄ-ն ամեն հնարավորն անում է, որպեսզի ժամերի ընթացքում հարյուրավոր բնակիչներ, ովքեր այս պահին գազ չունեն, ստանան այն։

Ողջ գիշեր և մինչև այժմ աշխատում են նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայր» ՀՈԱԿ-ի՝ ժողովրդին հայտնի Բեգոյանի հիմնարկի աշխատակիցները, ովքեր ոչ միայն տապալված ծառը, այլ նաև բակում եղած ու ամեն պահի տապալման եզրին կանգնած ծառերն են հեռացնում, որից հետո ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի հանձնարարականով այդ հատվածում տնկելու են ծառեր։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հուլիսի 20-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանում՝ Զաքյան 4 շենքի բակում, արմատից փտած հաստաբուն ծառ էր տապալվել։

Օպերատիվորեն ժամանել էին «Գազպրոմ Արմենիա»-ի, «Տրանսգազ»-ի և Երևանի «ԳԳՄ»-ի աշխատակիցները՝ Երևանի «ԳԳՄ»-ի տնօրեն Վազգեն Արտաշեսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկից մեկ մարտական հաշվարկը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Թադևոսյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել էր, որ ծառի տապալման հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկային, սակայն վնասվել և կոտրվել էին գազախողովակներ, էլեկտրական և ինտերնետի լարեր, երկաթե ճաղավանդակներ, վնասվել էին նաև մի քանի ավտոմեքենաներ։

Համայնքային ոստիկանները պարզում էին ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

Դեպքի մասին տեղեկացել էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ում հանձնարարականով դեպքի վայր էին ժամանել փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները՝ պետ Արմեն Բեգոյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի բնակիչներ ասել էին. «Էս ծառի համար շատ ենք դիմել, որ գան հեռացնեն։ Անգամ այսօր ենք զանգել Երևանի քաղաքապետարան, որ եկեք ծառը կտրեք, քանի որ ակնհայտ երևում է, որ այն փտած է ու ամեն պահի կտապալվի։ Սակայն այս օր էլ ստացանք դարակազմիկ պատասխանը՝ տեղյակ ենք, մի բան կանենք, էն էլ բան չարեցին, որ էս օրը ընկավ։ Փառք ենք տալիս Աստծուն, որ մարդու բան չի եղել, բայց էն, որ ասում են՝ պապն ամեն անգամ փլավ չի ուտի, ակնհայտ է, որ նմանատիպ մի քանի վտանգավոր ծառեր շատ կան»։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ «Գազպրոմ Արմենիա»-ն աշխատանքներ չէր կարող իրականացնել մինչև Բեգոյանի հիմնարկի աշխատակիցները ծառը չհեռացնեին, որից հետո կսկսեին իրենց գործողությունները, և կվերականգնվեր գազամատակարարումը։

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր