211652_close_icon
views-count463 դիտում article-date 10:34 31-07-2026

Շների հարձակումից փրկված Կարմիրգրքյան արջի քոթոթը տեղափոխվել է ապաստարան․ ԲԸՏՄ

Շների հարձակումից փրկված Կարմիրգրքյան արջի քոթոթը տեղափոխվել է ապաստարան: Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

Հուլիսի 28-ին, ժամը 12:20-ի սահմաններում, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնում ահազանգ է ստացվել Մարտունի քաղաքի բնակիչ Վ․Վ-ի կողմից հայտնաբերված արջի քոթոթի վերաբերյալ։

Տեսչական մարմնի աշխատակիցները դեպքի վայրում պարզել են, որ Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրի հատվածում Վ․Վ․-ն նկատել է ՀՀ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջի մոտ 4 ամսական քոթոթ, որը հայտնվել էր 6-7 շների հարձակման վտանգի տակ։ Քաղաքացուն հաջողվել է կանխել կենդանուն սպառնացող վտանգը և արջի քոթոթին տեղափոխել իր տան հարակից օժանդակ շինություն։

ԲԸՏՄ տեսուչների կողմից իրականացված արտաքին զննությամբ կենդանու մոտ վնասվածքներ չեն հայտնաբերվել։
ՀՀ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջի քոթոթի պատշաճ խնամքն ապահովելու և հետագայում վայրի բնություն վերադարձնելու նպատակով՝ նույն օրը կենդանին հանձնվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին (FPWC) և տեղափոխվել Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի՝ հատուկ ձագերի համար նախատեսված ապաստարան։

Նմանատիպ նյութեր