211652_close_icon
views-count6160 դիտում article-date 20:29 14-09-2026

Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդներից մեկը գիտակցության չգալով մահացել է․ հայտնի է 3 վիրավորների ինքնությունը․ մահացածը դեպքից օրեր առաջ էր զավակ ունեցել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Սեպտեմբերի 12-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 4 վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 27-ամյա Տիգրան Ղ․-ն գիտակցության չգալով ժամեր անց մահացել է։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորներն են «Nissan Tiida»-ի վարորդ, Երևանի բնակիչ 22-ամյա Ռուբեն Մ․-ն, ուղևոր՝ Երևանի բնակիչ 21-ամյա Հրանտ Բ․-ն և Տիգրան Ղ․-ի ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 57-ամյա Հրայր Ղ․-ն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացած Տիգրան Ղ․-ն սեպտեմբերի մեկին էր զավակ ունեցել։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 12-ին ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում՝ Չկալովկա բնակավայրի վարչական տարածքում, բախվել էին Երևանի բնակիչ 22-ամյա Ռուբեն Մ.-ի վարած «Nissan» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Տիգրան Ղ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ 

Վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինն օգնության էին հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները ու ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել էին «Սևան» բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն էին ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Ներսիկ Գրիգորյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել էին պարեկները։

Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Սևանի բաժնի պետ Վարդան Սահակյանը։

Վթարի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Աբրահամյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզում էին վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել էին ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր