Ինչպե՞ս լռես
Մեր օտարամոլությունը միայն ժողովրդական բնույթ չի կրում. օտարամոլություն կարելի է տեսնել նաև մեր իշխանությունների գործունեության մեջ: Իսկ եթե ազնիվ լինենք, ապա ժողովուրդը այդքան էլ հակված չէր լինի այս արատին, եթե իշխանությունները, գիտակցաբար կամ անգիտակցաբար, բայց հետևողականորեն չառաջնորդեին հայ ժողովրդին դեպի օտար կենցաղավարություն: Սակայն օտարամոլությունը, լինելով կատարյալ արատ, մեր դեպքում է՛լ ավելի է նախատելի, որովհետև, եթե ուրիշների դեպքում օտարից վերցվում է ամբողջը` և՛ լավը, և՛ վատը, ապա կարծես մենք միտումնավոր միայն վատ կողմերն ընտրենք:
Ընդսմին, մենք ընտրության երկու դաշտ ունենք. մեկը Ռուսաստանն է, մյուսը՝ Եվրոպան. մենք ո՛չ միայն ընդօրինակում և կապկում ենք այս երկուսին, այլ լիովին հստակ մեր մեջ ենք ներարկում այս երկուսի միայն վատ կողմերը: Ռուսաստանում, օրինակ, թոշակառուները գրեթե բոլոր ծառայություններից օգտվում են զեղչով. մենք, որ ռուսներից վերցրել ենք, ասենք, դիրեկտորին քծնելու, չինովնիկին կաշառելու և պաշտոնյայից չվիրավորվելու գարշելի սովորույթները, ինչո՞ւ չենք վերցնում գոնե մեկ լավ բան:
Նույնը տեղի է ունենում Եվրոպայի դեպքում: Մարդիկ գրեթե պաշտամունքի են հասցնում սոցիալական կայքը, որովհետև միայն այստեղ է, որ կարող են հանգիստ բողոքել ու դժգոհել, ասել այն, ինչ մտածում են, այն դեպքում, երբ Արևմուտքից կարելի էր սովորել «խոսքի ազատություն» կոչվածը. մի բան, որի ինչ լինելը նույնիսկ մենք չենք կարողանում հասկանալ: Կամ ստրկաբար լռում ենք, կամ գռեհկաբար հայհոյում. ոչ մի լուրջ քայլ, ոչ մի սոցիալ-քաղաքական պատվեր, ոչ մի խելքին մոտիկ պահանջ: Պահանջողը պահանջում է «հակառակորդի» մահն ու կործանումը, լռողը՝ լռում…
Մինչ դեռ Եվրոպայից, չգիտես ինչու, ինքներս մեզ պարտադրում ենք, ասենք, «գենդեր» ու էլի ինչ ասես, ինչ հակառակ է հային, ինչ երբեք ընդունելի չի կարող լինել մեր կողմից:
Ահա մեր ներկայիս դրությունը. բավական չէ, որ կապկում ենք օտարին՝ իսպառ դեն գցելով մերը, բավական չէ, որ մեծարում ենք օտարին, ի հաշիվ մեր նսեմացման, դեռ մի բան էլ վերցնում ենք օտարի միայն վատը. այն, ինչից օտարն ինքն է ուզում ձերբազատվել:
Այսպես կոչված «քեժլի» կենցաղավարությունը, օրինակ, որը լայն տարածում ունի Արևմուտքում, այստեղ դիտվում է՝ որպես առաջադիմություն, իսկ իրական առաջադեմ արևմուտքցիք հարատևորեն միջոցներ են մշակում և ձեռք առնում, որպեսզի իրենց երեխաներին հետ պահեն թափառականի այդ կենցաղից: Նրանց երեխաները երեխաներ են և ինչպես շատ-շատերը երեխա հասակում, այնպես էլ նրանք, կարող են շփոթվել: Իսկ ի՞նչ ասենք մեր մեծահասակ «երեխաների» մասին, որ կրկնօրինակում են և կրկնօրինակում են վատը:
[b]ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ [/b]