211652_close_icon
views-count1290 դիտում article-date 21:53 21-11-2018

Քաղաքապետն ընդունել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամներին

Քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ներկայացուցիչներին, որոնք Երևանում են գտնվում դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունները դիտարկելու նպատակով: Քաղաքապետը տեղեկացրել է, որ Երևանում տեղակայված 475 տեղամասային կենտրոններում նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին: Նա ընդգծել է, որ տեղամասային կենտրոնների գերակշիռ մեծամասնությունում ապահովվել է ներառականությունը: «Մենք մեր լիազորությունների շրջանակներում իրականացնելու ենք առավելագույնը՝ ընտրությունները բարձր և պատշաճ մակարդակով կազմակերպելու համար», - նշել է Հայկ Մարությանը: Քաղաքապետն ասել է, որ կարևորում է միջազգային դիտորդների ներկայությունը ընտրություններին, քանի որ, թեև երկրի իշխանությունները քաղաքական կամք ունեն՝ բացառելու նախկինում տարածում գտած ընտրախախտումները, սակայն դրսից հայացքը կօգնի հայտնաբերել և շտկել հնարավոր տեխնիկական բացթողումները: ԵԱՀԿ առաքելության դիտորդ Բոյանա Ժիվկովիչը նշել է, որ Հայաստանում ընտրությունների երկարաժամկետ դիտարկում իրականացնող խմբերի մոտ մեկ քառորդը աշխատելու է Երևանում: ԵԱՀԿ առաքելության անդամները քաղաքապետարանի ներկայացուցիչներից ճշտել են Հայաստանում և մասնավորապես Երևանում հավաքների ազատության իրավունքի իրացման մեխանիզմները, ԿԸՀ և տարածքային հանձնաժողովների հետ տեխնիկական բնույթի հարցերում համագործակցության վերաբերյալ մանրամասները և այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր