211652_close_icon
views-count283 դիտում article-date 20:23 14-07-2026

Ավարտվել են չին-ռուսական համատեղ ռազմածովային զորավարժությունները

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արևելքում գտնվող Ցինդաո նավահանգստում ավարտվել են ռուս-չինական համատեղ ռազմածովային «Մարտական փոխգործակցություն–2026» զորավարժությունները։ Դրա մասին հայտնել են Խաղաղօվկիանոսյան նավատորմի մամուլի ծառայությունից, հաղորդում է ռուսական ТАСС գործակալությունը։

Փակման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի Ցինդաոյի ռազմածովային բազայի տարածքում։ Ռուսաստանի ռազմածովային նավատորմի և Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի ռազմածովային ուժերի նավերի հրամանատարների, ինչպես նաև ղեկավարության համատեղ միացյալ շտաբի սպաների առջև ելույթ են ունեցել զորավարժությունների ղեկավարներ՝ դերծովակալ Սերգեյ Սինկոն և դերծովակալ Ցյու Վենշենը։ Սինկոն իր ելույթում ընդգծել է, որ ձեռք բերված փորձը պահանջված կլինի երկու պետությունների ռազմածովային ուժերի հետագա ամենօրյա գործունեության մեջ և կարևոր ներդրում կդառնա փոխադարձ վստահության ու ռուս-չինական համագործակցության ամրապնդման գործում։

«Զորավարժությունների ընթացքում երկու երկրների շտաբներն ու անձնակազմերը հաջողությամբ լուծել են ուժերի համատեղ կառավարման, կապի կազմակերպման և փոխգործակցության հարցերը»,- ասել է Սինկոն։ Նա ընդգծել է, որ համատեղ գործողությունների յուրաքանչյուր փուլ հնարավորություն է ընձեռել փոխանակելու մասնագիտական փորձը համատեղ մանևրման, հակաօդային և հականավակային պաշտպանության, որոնողափրկարարական միջոցառումների անցկացման, անօդաչու համակարգերի դեմ պայքարի և ծովային պատրաստության այլ տարրերի ոլորտում։

«Մենք կշարունակենք զարգացնել մեր համատեղ մանևրները և դրանք դուրս բերել ավելի բարձր մակարդակի՝ ավելացնելով մշակվող միջոցառումների քանակը»,- հայտարարել է Սինկոն։

Նմանատիպ նյութեր