211652_close_icon
views-count268 դիտում article-date 10:55 15-09-2026

Շարունակվում է ՄԻՊ-ի նախաձեռնած «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը

Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է համախմբել ակտիվ և նախաձեռնող երիտասարդների, ովքեր պատրաստ են բարձրաձայնելու հասարակությունում առկա խնդիրները և իրենց ներդրումն ունենալու մարդու իրավունքների պաշտպանության ու դրական փոփոխությունների իրականացման գործում։
 
«Այս անգամ նախագծին միացել է Լիլիթ Ղազարյանը, ով Հայաստանի Եվրոպական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող է և նպատակ ունի դառնալ առաջատար իրավաբան։
 
Լիլիթը հետաքրքրված է մարդու իրավունքների պաշտպանությամբ, և կարծում է, որ հետագայում լավ մասնագետ դառնալու համար կարևոր է ոչ միայն լսարանային կրթությունը, այլև ստացած խորքային գիտելիքները հետագայում արդյունավետ կիրառելը։ Նա ցանկանում է նպաստել օրենսդրական բարեփոխումներին և երիտասարդների իրավագիտակցության զարգացմանը։
 
Նախագծի շրջանակում Լիլիթը մեկ օր կանցկացնի Մարդու իրավունքների պաշտպանի հետ՝ ծանոթանալով Պաշտպանի մանդատի շրջանակում իրականացվող աշխատանքներին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարմանն ուղղված նախաձեռնություններին։
 
Նախագծի մասնակիցները հնարավորություն են ստանում անմիջականորեն ծանոթանալու Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը, բարձրաձայնելու մարդու իրավունքներին առնչվող խնդիրներ, ներկայացնելու դրանց լուծման վերաբերյալ առաջարկներ, ինչպես նաև խորացնելու իրենց իրավական գիտելիքները, ձեռք բերելու գործնական փորձ և ձևավորվելու՝ որպես առավել ակտիվ ու իրազեկ քաղաքացիներ։
 
Եթե երիտասարդ ես, հետաքրքրված ես մարդու իրավունքների պաշտպանությամբ և ցանկանում ես քո ներդրումն ունենալ հասարակության համար կարևոր փոփոխությունների իրականացման գործում, ապա նախագծի հաջորդ մասնակիցը կարող ես լինել հենց դու։
 
Ուղարկե՛ք ձեր ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը՝ ներկայացնելով, թե ինչու եք ցանկանում դառնալ «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագծի հաջորդ մասնակիցը։
 
Հայտերն ընդունվում են [email protected] էլեկտրոնային հասցեով»,- ասվում է ՄԻՊ հաղորդագրության մեջ։ 

Նմանատիպ նյութեր